
Աշխարհում սովյալների թիվը հասել է 815 միլիոնի. ՄԱԿ

Մոլորակի սովահար բնակիչների թիվը հասել է 815 միլիոնի, որոնց 60 տոկոսն ապրում է զինված հակամարտությունների գոտիներում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցների մոտավորապես 80 տոկոսն օգտագործվում է այն մարդկանց օգնելու համար, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտիներում: «Սովից տառապող 815 մլն մարդկանց մոտավորապես 60 տոկոսն ապրում է հակամարտությունների պայմաններում:
Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների երեք քառորդն ապրում է հակամարտությունների ասպարեզի վերածված երկրներում: Այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կարգավորել այդ հակամարտությունները եւ չի գործարկվել պետությունների զարգացման գործընթացը, համայնքներն ու ամբողջ տարածաշրջաններ կշարունակեն մնալ սովի ու տառապանքների ճիրաններում»,-ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Նա հանգամանորեն կանգ է առել Եմենի, Նիգերիայի հյուսիս-արեւելքի, Սոմալիի եւ Հարավային Սուդանի իրադրության վրա, հիշեցնելով, որ ինն ամիս առաջ այդ երկրներում զանգվածային սովի սպառնալիքին բախվել է շուրջ 20 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: