«Եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի գնա, այդ դեպքում չի բացառվում, որ մենք մեր որոշակի պատմական տարածքներ էլի պետք է ազատագրենք». Գառնիկ Իսագուլյան

«Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների. սադրանքները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից, երբեք չեն դադարի, մինչև մենք չանցնենք շատ ավելի խիստ պատժիչ գործողությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա գտնում է՝ այլևս հարկավոր են պատժիչ գործողություններ: Նա ասաց, որ այլևս ազատագրված տարածքներ չկան, դրանք Արցախի Հանրապետության տարածքներն են. «Դա այլևս Արցախի Հանրապետությունն է: Պատահական չէ, որ մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Արցախի իշխանությունը տարածվում է այն սահմանների վրա, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների լիազորության ներքո: Լավ կլինի՝ մեր լեքսիկոնից հանենք «անվտանգության գոտի», «ազատագրված տարածքներ», և այլն: Եթե պատմական արդարության վերականգնման մասին խոսենք, այդ դեպքում Ադրբեջան չկա, եթե գնանք պատմության ամենախորքերը, կպարզվի, որ այս տարածաշրջանում բոլոր հին քարտեզները միայն մեկ երկիր են ճանաչել, ու դա եղել է Հայաստանը: Ի՞նչ ազատագրված տարածքներ, ի՞նչ անվտանգության գոտի, դրանք Արցախի տարածքներն են: Այ, եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի գնա, այդ դեպքում չի բացառվում, որ մենք մեր որոշակի պատմական տարածքներ էլի պետք է ազատագրենք»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք մենք բանակցություններին մասնակցում, եթե սկզբունքներից մեկը տարածքների որոշ մասի հանձնումը չէ, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ո՞վ է բանակցությունների մասնակցում»: Դիտարկմանը, թե՝ արտգործնախարարները, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Է, թող մասնակցեն: Այդ բանակցությունները կարող են տևել 100 տարի, 200 տարի, և այլն: Հայաստանն այդ տարածքների հետ կապված ի՞նչ իրավասություն ունի: Հիմա կարո՞ղ է Հայաստանը Վրաստանի տարածքների վերաբերյալ բանակցություններ վարի ու որոշի՝ տալիս է չգիտեմ ում: Արցախի պետությունը կայացած պետություն է, եթե ինչ-որ մեկը դա չի ճանաչել, դա չի նշանակում, որ այդ պետությունը չկա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս