«Փուչիկը պայթել է». Միքայել Մելքումյան
Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ ասելով.
«Կարծում եմ, որ միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներ արդեն իսկ անդրադարձել են Ադրբեջանի՝ պայմանական անվանմամբ «Լվացքատան» գործունեությանը և բոլորն էլ համակարծիք են, որ դա հետագայում պետք է բացառել:
Սակայն, նաև այդ բացառման հիմքում պետք է դրվեն և՛ իրավական, և՛ քաղաքական գնահատականներ՝ անաչառ և ազնիվ: Բայց միայն գնահատական տալը բավարար չէ: Պետք են հստակ մեխանիզմներ, որոնց հիմքում պատասխանատվության ենթարկելն է, այլապես դա կդիտվի որպես «ջայլամի» քաղաքականություն, որն այս կառույցին սազական չէ:
Ո՞րն է ելքը:
Զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, կոշտ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ:
Ինչքա՞ն կարելի է անազնիվ և նենգ ճանապարհով փորձել խեղաթյուրել իրականությունը: Ավելին, տարբեր քաղաքական և հանրային գործիչներին գնելու համար Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ չի խորշում բանկային տարբեր դրամական փոխանցումներից՝ բացահայտ ու ցինիկ ձևով փորձելով հասնել իր նենգ նպատակին:
Մի երկիր, որտեղ նավթի գները հենց իջան, նավթի փոխարեն միանգամից սկսեց կոռուպցիա արտահանել: Արդյո՞ք նման երկրում կարող են դեմոկրատական ինստիտուտները զարգանալ:
Կրկնում եմ, փուչիկը պայթել է»: