Բաժիններ՝

Իրաքի դատարանը որոշեց ձերբակալել Քրդստանի հանրաքվեի կազմակերպիչներին

Իրաքի դատարանը հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իրաքի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը։

«Հետաքննությունների դատարանը որոշում է կայացրել հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու մասին, որոնք զբաղվել են Քրդստանում հանրաքվեի կազմակերպմամբ»,-հայտարարության տեքստում մեջբերվում է Իրաքի բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցչի խոսքը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել է անկախության հանրաքվե: Քրդստանի ընտրությունների եւ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով, անկախության օգտին քվեարկել է ընտրողների 92,7 տոկոսը:

Իրաքի իշխանությունները հանրաքվեն հայտարարել են անօրինական եւ ընդգծել, որ ինքնավարության տարածաշրջանային կառավարության հետ բանակցություններ չեն անցկացնի, քանի դեռ չեղյալ չեն հայտարարվել քվեարկության արդյունքները: Քվեարկության անցկացմանը դեմ են եղել Իրաքյան Քրդստանի հարեւանները՝ Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս