«Այս տարի դեռ մթերման հետ կապված խնդիրներ չունենք». Գյուղատնտեսության նախարար
«Մենք ունենք շատ առկա խնդիրներ, որոնք պետք է լուծենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ իրենք վեր են հանել շատ խնդիրներ. «Մենք այսօր գյուղատնտեսությունում ունենք տեխնիկական հագեցածության ցածր մակարդակ: Չունենք մատչելի ֆինանսական միջոցներ, ունենք ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն, բնակլիմայական աղետներից կրած վնասներից ապահովված չենք, ունենք շատ թույլ կրթական և խորհրդատվական համակարգեր: Մեր գյուղատնտեսությունն ավանդական է, այնինչ աշխարհում ինտենսիվ գյուղատնտեսությունն է, որը թույլ է տալիս ավելի բարձր եկամտաբերություն ունենալ, որը դեռ Հայաստանում մասշտաբային չէ: Մենք խնդիր ունենք իրացման գների և գյուղացիների վճարումների հետ կապված, որը նորից գյուղատնտեսությունը դարձնում է ոչ հետաքրքիր: Մենք չունենք ճիշտ գնահատական գյուղատնտեսական հողերի օգտագործելիության, ունենք խնդիր օրենսդրական դաշտի բարելավման հետ կապված»:
Ի. Առաքելյանը նշեց, որ այդ խնդիրները լուծելի են, և իրենք արդեն սկսել են այդ խնդիրները լուծել. «Լիզինգի ծրագրով մենք այս տարի 132 միավոր գյուղտեխնիկա ենք տրամադրել, հիմնվել է 1 գյուղտեխնիկայի կայան, որն արդեն թույլ է տալիս ծառայությունների մատուցում փոքր տնտեսությունների համար: Մենք հայտարարել ենք պետական աջակցության գյուղտեխնիկայի կայանի հիմնումը, որի մրցույթն ավարտվել է, և մի քանի ամիս մենք կունենանք գյուղտեխնիկան Հայաստանում: Իհարկե, ծրագրով նախատեսված էր, որ մեկնարկը լինի աշնանային աշխատանքների հետ, բայց, ցավոք սրտի, պետական համակարգում միշտ լինում են խնդիրներ, երբ մրցույթը չի իրականանում, գները չեն համապատասխանում, և այլն: Ուշացանք, բայց դա մեր մեղավորությունը չէ, ուղղակի համակարգն այդպես է կառուցված»:
Նախարարը նկատեց, որ ոռոգման խնդիրն ամենակարևոր խնդիրն է գյուղատնտեսությունում. «Ջրային պետական կոմիտեի հետ համատեղ քարտեզագրվել են այն հնարավորությունները, որոնք կդարձնեն ոռոգման համակարգն ավելի լիարժեք, որոնք թույլ կտան ավելացնել ջրի պաշարները: Ուզում եմ հավաստիացնել, որ Գյուղատնտեսության նախարարությունը և Ջրային պետական կոմիտեն միասին են նախագծում և գնալու են առաջ, որ ոռոգման համակարգը դարձնեն ավելի լիարժեք»:
Ի. Առաքելյանն ասաց, որ իրենք մթերման ծրագիր են սկսել. «Այս պահին 22 ընկերություն դիմել է, հավանություն է ստացել, 5 ընկերության արդեն բանկերն են հաստատել վարկերը: Վարկերը խստագույնս վերահսկվում են մեր կողմից, մենք տրամադրում ենք միայն այն տնտեսություններին, որոնք գնում են կատարում գյուղացիներից, և փողը գնալու է, անմիջապես վճարվելու է գյուղացիներին, և ոչ թե՝ այդ ընկերություններին: Այս տարի դեռ մթերման հետ կապված խնդիրներ չունենք, նախկինից կան դեռ մնացած խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել, բայց այս տարի չկա նման խնդիր»: