Իսպանիան Կատալոնիայից պահանջել է պարզաբանել՝ հայտարարել է նա արդյոք անկախություն
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Եթե ինքնավարությունը հանդես է եկել Իսպանիայից անջատվելու օգտին, Մադրիդը մտադիր է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը եւ Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից: «Դրանով իսկ մենք ցանկանում ենք վստահություն ներշնչել քաղաքացիներին»,-հավելել է Ռախոյը:
Նրա խոսքով՝ ժեներալիտետի պատասխանով պայմանավորված կլինի այն որոշումը, որը կառավարությունը կընդունի առաջիկա օրերին: Հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, հայտարարելով, որ այն դեռեւս ուժի մեջ չի մտնում:
«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»: Տեքստում նաեւ հռչակվում է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»:
Ենթադրվում է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն: Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին: Կենտրոնական իշխանությունը փորձել է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել է 893 մարդ:
Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: