
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը հարցականի տակ է. Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այցագրային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով:
Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ: «Պետքարտուղարը կցանկանար բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ… բայց այժմ դա հարցականի տակ է դրվում այն գործողությունների պատճառով, որոնք ձեռնարկել է Թուրքիան»,- ասել է նա:
ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում: Որոշումն ընդունվել է Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում է «սահմանադրության խախտման» եւ «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: