Գորիսում սպասվում են ընտրական «հետաքրքիր» զարգացումներ. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ խոսել էր տարբեր հարցերից, քաղաքական գործընթացներից եւ անդրադարձել էր նաեւ Գորիսում նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրությունների թեմային:

Մասնավորապես՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր.

«Գորիսը թեկնածուների առումով  նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:

Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը:

Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:

Գորիսից մեզ հասած տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտարարում էր Էջմիածնում, իսկապես աշխատում է քաղաքական պրոցեսներում ու հրապարակում շատ չերեւալ, իր խոսքերով՝  «հանգստանալ, արարել, ստեղծել»:

Բայց Գորիսից մեզ հայտնում են, որ նախկին մարզպետը, որքան էլ աշխատում է շատ չերեւալ ու փորձում է ցույց տալ, թե ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, ավելի շատ «տակից է գործում», ընդ որում՝ երկու ճակատով:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջերս Սուրիկ Խաչատրյանն այլընտրանքային թեկնածուի ակտիվ որոնումների մեջ էր: Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների՝ նա փորձում է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր ազգականներից մեկին՝ Արամ անունով, որին էլ հիմնականում կաջակցի՝ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ: Մյուս կողմից՝ այս քաղաքական ներկայացման տեսարժանությունն ապահովելու համար միգուցե Սուրիկ Խաչատրյանը փորձի աննկատ աջակցել իր երբեմնի «ամենաթեժ» ընդդիմախոսներից ու ընդդիմադիրներից մեկին: Այս տեղեկություններն անձամբ Սուրիկ Խաչատրյանից ճշտել մեզ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերին նա չէր պատասխանում:

Իսկ Առուշ Առուշանյանի կողմնակիցներն այս ամենին հանգիստ են վերաբերվում ու վստահ են, որ իրենց թեկնածուն ուժեղ դիրքերում է: Գորիսից մեր աղբյուրները փոխանցեցին, որ քաղաքում բավականին ազդեցություն ունեցող Բուդաղյանները, նախկինում Ադունց-Խաչատրյան ճակատի դեմ դուրս եկած քաղաքապետի թեկնածուներից ոմանք, եւ էլի կարող շատ ուժեր լիակատար աջակցություն են հայտնել Առուշ Առուշանյանին ու ամբողջությամբ սատարելու են նրան՝ թե՛ հիմա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, թե՛ հետո, երբ Առուշ Առուշանյանը առաջադրվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս