Ովքե՞ր են առաջադրվել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում

2017թ. նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամների, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 496 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 274-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 146-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 43-ական,  ՀՅԴ ՝ 33-ական:

Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 31 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 17-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 9-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 3-ական, ՀՅԴ՝ 2-ական:

Շիրակի մարզում համայնքների խոշորացման արդյունքում Անի, Մարմաշեն և Ախուրյան համայնքներում համայնքի ղեկավարի, ավագանու անդամի ընտրություններ են տեղի ունենալու:

Ըստ ԿԸՀ կայքի տվյալների՝ Ախուրյանում համայնքի ղեկավարի թեկնածուները  6-ն են` Բասենի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, Ախուրյանի  գյուղապետ Արծրունի Իգիթյանը, Ախուրյանի  մարզադպրոցի տնօրեն, անկուսակցական  Լևոն Գեղամյանը, անհատ ձեռներեց, անկուսակցական Գերասիմ Համբարյանը, Շիրակ ՋՕԸ պետ, անկուսակցական Վանիկ Մկրտչյանը և գազի գրասենյակի վարպետ, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը:

Մարմաշենի համայնքի ղեկավարի համար պայքարելու է 4 թեկնածու. նրանք են՝  Մայիսյանի նախկին ղեկավար Հակոբ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը, Մարմաշենի համայնքի ղեկավար, ՀՀԿ-կան Աշոտ Եղոյանը,  նաև Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Թորգոմ Սահակյանը:

Անի համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարելու են Ձիթհանքովի նախկին ղեկավար, անկուսակցական Հովիկ Պողոսյանը, ԲՀԿ-ից՝ Հակոբ Աղաբեկյանը, անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, անկուսակցական Աղասի Առաքելյանը, Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Ռոստամ Բալաբեկյանը, Մարալիկի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ,  Հանրապետական կուսակցության անդամ Խաչատուր Բուլոյանը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս