«Չեմ բացառում, որ կարող է արժանանալ նախորդ պայմանագրի ճակատագրին». Արա Պապյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է՝ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրն անորոշ և անհասկանալի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ կան մի շարք անորոշություններ այդ համաձայնագրում:

«Խաղաղության ժամանակ հայկական կողմն է վերահսկելու, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարությունն անցնելու է ռուսական կողմին: Ինձ համար դա անհասկանալի է: Այստեղ կան անորոշություններ, պատմական դառը փորձ, մենք տեսել ենք, որ այդ համատեղ զորքերը երեք օր պարբերաբար ուշացել են»,- հիշեցրեց Ա. Պապյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանն այդ զորախումբը մեր դեմ օգտագործել, Ա. Պապյանն այսպես պատասխանեց. «Վաղը Ռուսաստանը որոշեց, որ իր շահերի համար ինքը պետք է զորախումբ իջեցնի նույն Սիրիա կամ Իրաք կամ չգիտեմ ուր, մենք՝ որպես միացյալ զորախմբի մաս, պետք է մասնակցենք, բայց կարող է դա Հայաստանի շահերի հետ չհամապատասխանի»:

Բանախոսն ասաց, որ Հայաստան-Եվրամիություն աշնանը ստորագրվելիք համաձայնագրի հետ կապված ինքը մտահոգություններ ունի ավելի, քան երկու շաբաթ կամ մեկ ամիս առաջ. «Դատելով այն նախանշաններից, որ տարբեր տեղերից տարբեր խոսքերով գալիս է, կարծես թե, ընդհանուր միտում կա այդ ամբողջը բացասական ներկայացնել: Ես հույս ունեմ, որ կստորագրվի, բայց չեմ բացառում, որ կարող է արժանանալ նախորդ պայմանագրի ճակատագրին, որովհետև հիմա խոսք է գնում, որ այն կարող է հետաձգվել զուտ տեխնիկական պատճառներով: Դա կարող է ժամանակավորապես հետաձգվի ու այդպես մնա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս