Գավառ քաղաքում տեղացած ձյունը մոտ 500 դեկորատիվ ծառ է ջարդել

Հոկտեմբերի սկզբներին Գավառում տեղացած ձյան ծանրությունից ջարդվել է մոտ 500 դեկորատիվ ծառ՝ արծաթափայլ բարդիներ ու սոճիներ, ակացիաներ, տուաներ, ուռիներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, վերջին օրերի ընթացքում «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ աշխատակիցները քաղաքի կենտրոնական փողոցները մաքրում են ջարդված ծառերից կամ ճյուղերից, մշակում եւ ձեւավորում վնասված ծառերը՝ դրանց հետագա աճը կարգավորելու համար:

«Տերեւաթափից առաջ տեղացած ձյունն ահավոր վնասներ է հասցրել քաղաքի ծառապատ ու կանաչապատ տարածքներին: Մի քանի օր է, ինչ լարված աշխատում ենք, սակայն շատ անելիքներ դեռ կան: Գավառագետի ափերի բարդիներն էլ են մեծ քանակով ջարդվել: Դրանք բոլորը պետք է հասցնենք մաքրել: Ծառերի ջարդված մասը մշակում ենք, վառելափայտը տրամադրում բնակիչներին, իսկ անպիտան մասը տեղափոխում աղբավայր: Կարծում եմ, որ ջարդված ծառերի մեծ մասը ենթակա է բնական վերականգնման, իսկ մնացած մասի փոխարեն գարնանը նոր տունկ կկատարենք»,-իրավիճակը ներկայացրեց «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրիկ Մինասյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս