Հայաստանն առաջատար դիրքերում է. Ջ.Շոուեր
ԱՌՆ օրվան ընդառաջ Երևանում է ՄԱԶԾ բարձրաստիճան ներկայացուցիչըԱՌՆ օրվան ընդառաջ Երևանում է ՄԱԶԾ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը՝ Կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր շարունակել դեռևս 2017թ. մայիսին Մեքսիկայում կայացած ԱՌՆ Գլոբալ Պլատֆորմի ընթացքում սկսած երկխոսությունը, ամփոփել ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԶԾ համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ փոխգործակցության հետագա ուղղությունները:
Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությունը սկիզբ է առել 1997 թվականին: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ուղղված էին աղետներին պատրաստվածության և արձագանքման արդյունավետության բարձրացմանը: Այժմ դրանք առավելապես ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը:
Ջո Շոուերն իր խոսքում նշեց, որ ՄԱԿ-ն այժմ իր գործունեությունն ուղղում է նաև աղետից հետո արագ և արդյունավետ վերականգնման պլանների մշակմանն ու գործընթացների կազմակերպմանը: Նա նաև վերահաստատեց Հայաստանում ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը:
– Յուրաքանչյուր ճգնաժամ զարգացման ծրագրերի տապալման արդյունք է,- ասաց պարոն Շոուերը,- մեր հիմնական նպատակն է օգնել երկրներին ձևավորելու քաղաքական կամք՝ աղետների ռիսկի նվազեցումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացման մեխանիզմները և խոչընդոտները, ԱՌՆ ոլորտ մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության խթանման հարցերը:
ՄԱԶԾ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը Երևան է ժամանել մասնակցելու «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողովին:



