Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը խորհրդարանին կիրազեկի հանրաքվեից հետո ստեղծված «քաղաքական իրադրության մասին»

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա տարածաշրջանի խորհրդարանում, որպեսզի «տեղեկացնի ինքնավար հանրակցության ընթացիկ քաղաքական իրադրության մասին»: Այդ մասին հայտնել են Կատալոնիայի խորհրդարանում:

Սպասվում է, որ Պուչդեմոնը խորհրդարանում կհայտնվի տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին): Առայժմ Կատալոնիայի իշխանությունները չեն ճշտել՝ կոնկրետ ինչի մասին է խոսվելու տարածաշրջանի ղեկավարի ելույթի ընթացքում: Ըստ վարկածներից մեկի՝ նիստում կգործարկվի Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու ընթացակարգը:

TV3 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տարածվել էր հոկտեմբերի 8-ին, Պուչդեմոնը նշել էր. «Անկախության հռչակումը, որը մենք միակողմանի չենք համարում, նախատեսված է հանրաքվեի մասին օրենքով՝ որպես հանրահարցման արդյունքների կիրառում»: «Մենք կանենք այն, ինչ ասում է օրենքը»,- ճշտել է նա: Անկախության անհապաղ հռչակումը հատկապես պնդում է «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կատալոնյան կուսակցությունը: Իր հերթին, ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, «Միասին՝ «այո» կոալիցիայի կողմնակիցները, որը նույնպես պաշտպանում է Իսպանիայից անջատումը, բաժանվել է երկու ճամբարի: Պատգամավորների մի մասը համաձայն է թագավորության կազմից Կատալոնիայի շուտափույթ դուրս գալուն: Մյուսները՝ քաղաքական ուժի ավելի չափավոր անդամները, կարծում են, որ չափազանց շուտ է միակողմանի կարգով անկախության մասին հայտարարելը:

Ավելի վաղ Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան խոստացել է, որ կառավարությունը «օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման» գործողություն կձեռնարկի, եթե Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն հայտարարի: «Մենք կփորձենք հնարավորինս փոքր վնաս հասցնել մեր որոշումներով, բայց թող ոչ ոք չկասկածի. եթե անկախություն հայտարարեն, որոշումներ կընդունվեն օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման համար»,- հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահի տեղակալը:

Պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը կկիրառի արդյոք Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կասեցնել հանրակցության ինքնավարության կարգավիճակը, Սանտամարիան չի բացառել այդ հնարավորությունը, բայց վերապահում է արել, որ նման որոշումը հարկավոր կլինի փորձել համաձայնեցնել մյուս քաղաքական կուսակցությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս