Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Արման Մկրտումյանը. ինչ փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։

Բանն այն է, որ օրենքը թույլ է տալիս ինչ-որ գործ մակագրելով՝ թոշակի գնացող ՍԴ դատավորին եւս 6 ամիս պահել պաշտոնում։ Կիմ Բալայանը, հիշեցնենք, ՍԴ անդամ է 2003-ից։ Չնայած ամիսներ շարունակ ՍԴ անդամի այս տեղի համար շրջանառվում էր Հրայր Թովմասյանի անունը, որը հաջորդ տարի զբաղեցնելու էր թոշակի գնացող Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն վերջին օրերին դատական համակարգում նոր անուն է հայտնվել․ հնարավոր է Կիմ Բալայանի փոխարեն ՍԴ անդամ դառնա վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին տարիներ ի վեր խոսում են։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե նրան հնարավոր է տանեն վճռաբեկ դատարանի նախագահ՝ Արման Մկրտումյանի փոխարեն։

Ասում են՝ հենց այս «օպերացիայի» շրջանակներում են Թովմասյանին արագ-արագ գիտությունների դոկտորի կոչում տվել, քանի որ դրսից վճռաբեկի նախագահ նշանակվելու համար պարտադիր է դոկտորի կոչում ունենալը։ Նկատենք, որ Հայաստանում կադրային տեղաշարժերի մասին հարցերն այնքան հաճախ ու արագ են փոխվում, որ երբեմն մասնակիցներն էլ չեն իմանում կամ վերջինն են իմանում այդ մասին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս