Իլհամ Ալիևի ուշագրավ հայտարարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է.
«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ:
Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց: Ու հիմա, ըստ Ալիեւի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիեւին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: