«Այս պահին չկա Ալիևին դեմոկրատական այլընտրանք». Արմեն Աշոտյան. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր լեզուները Բաքվում երկար էր միայն մի պատճառով, որովհետեւ մենք ունեինք հայ զինվոր: Այն, որ մեր պատվիրակությունը ճառագում էր Բաքվում` առանց ավելորդ համեստության ասեմ, ապա դա միայն մեր բանակի շնորհիվ էր: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները տրամադրված չեն խաղաղության»,- այս մասին «Արմենիա» հ/ը-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Աժ արտաքին հարաբերությւոնների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ ամփոփել է Բաքու կատարած այցը:

Հաղորդման ընթացքում Աշոտյանն անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում Ադրբեջանում անցկացրած օրերին՝ նշել է, որ հասարակության կողմից նկատել է ատելություն, որը Հայաստանում չկա ադրբեջանցու նկատմամբ:

«Մեր հասարակությունում չկա ադրբեջանական էթնոսի հանդեպ ատելության այնպիսի մակարդակ, որ կա մեր հանդեպ: Չեմ կարող ասել, որ սա համատարած բնույթ էր կրում: Կային մարդիկ, որ ժպտում էին մեզ, հյուրընկալ էին, բայց պաշտոնական մակարդակով չեմ կարող նույնը ասել: Հասարակ բան. որ խնդրում էինք, թե մեզ այստեղ նկարեք`հրաժարվում էին: Այս կենցաղային վախերը սկսվել են 15 տարի առաջ սկսված հակահայկական քարոզչությամբ»,- նշել է նա:

ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կարծում է, որ այս պահին չկա որեւէ քաղաքական ուժ, որը կարող է փոխարինել Ալիեւին եւ լինել ավելի ժողովրդավար:

«Ադրբեջանում գոնե այս պահի դրությամբ չկա դեմոկրատական օպոզիցիա, չկան ժողովրդավար ուժեր, որ ասենք` եթե այս մարդիկ գան իշխանության, ավելի լավ կլինի: Կան անհատներ, ովքեր ստիպված երբեմն հակահայկական ելույթներ են ունենում, որպեսզի ազատվեն «հայկական շպիոնի» պիտակից: Այս պահին չկա Ալիեւին դեմոկրատական այլընտրանք: Գոյություն ունեցող այլընտրանքով, որով Ալիեւը վախեցնում է գերտերություններին, որ, եթե չեք ուզում մեզ, ուրեմն կունենաք իսլամիստներին: Ստեղծում են մի վիճակ, որ Ալիեւը դիտվի չարյաց փոքրագույն»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Հաղորդավարուհին հետաքրքրվել է, թե եթե Հայաստանում իշխանություններն ավելի դեմոկրատ են, ապա ինչո՞ւ թույլ չտվեցին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով`«Ելք»-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար:

«Մերժվել է, բայց ոչ միանգամից: Միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է երկու ժամ: Չմոռանանք, որ մերժվել է միայն հանձնաժողով ստեղծելու նախագիծը»,- նշել է Աշոտյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս