
Աշխարհահռչակ ECM records-ը թողարկել է Կոմիտասի ձայնասկավառակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը։
Հեղինակը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը: Ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։
«Ձայնասկավառակը ձայնագրվել է Շվեյցարիայում 2015 թվականին: Մանֆրեդ Այխերը շատ լավ ծանոթ է Կոմիտասի երաժշտությանը եւ ինքն արդեն իսկ թողարկել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, Տիգրան Համասյանի «Կոմիտաս»-ը: Ես 11 տարի սպասել եմ այս ձայնասկավառակին: Երբ Այխերն առաջին անգամ լսել է իմ կատարումը, ասել է, որ մի օր կաշխատի ինձ հետ»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ընկերությունը ձայնասկավառակը հոկտեմբերի 13-ին կներկայացնի Անգլիայում, իսկ նոյեմբերին Ամերիկայում:
Ձայնասկավառակում ներառված են Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, բացառությամբ ուսանողական տարիների ստեղծագործությունների: