70 հազար այցելու և 150 ընկերություն. Ամփոփվել է «ԴիջիԹեք 2017»-ը
Ամփոփվել է ամենամյա «ԴիջիԹեք-2017» միջազգային ցուցահանդեսը: «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է:
Տարածաշրջանի ամենախոշոր «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ վայրում էր համախմբել ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական ու նորարար ընկերություններին, այլ նաև մի շարք օտարերկրյա ընկերությունների ու անհատների: «ԴիջիԹեքը» հյուրընալեց 150 մասնակից ընկերություն ու 70 հազար այցելուի: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի վերջին նորարություններն ու ոլորտի ձեռքբերումները, անց են կացվել սեմինարներ, գիտաժողովներ, և այլն:
«ԴիջիԹեք 2017»-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:
«ԴիջիԹեքի» բացման պաշտոնական արարողությանը մասնակցել, ապա՝ ընկերությունների նորարար լուծումներին են ծանոթացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «ԴիջիԹեքի» կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԴիջիԹեքի» պլատինե հովանավոր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, պետական, միջազգային և դիվանագիտական կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
13-րդ ամենամյա «ԴիջիԹեք» են այցելել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները «ԴիջիԹեքի» շրջանակում փակ հանդիպում են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել և պայմանավորվել ՏՏ և ռազմաարդյունաբերության ոլորտների երկարատև համագործակցության շուրջ:
«ԴիջիԹեք» ցուցահանդես են այցելել նաև դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը և այլք:
Սիրարփի Աղաբաբյան