Սպառողական շուկայում գնաճ է. Գյումրիում միսն ու կարագն են թանկացել

Asparez.am-ը գրում է. Հոկտեմբերի առաջին օրերին Գյումրու կենտրոնական շուկայում թանկացել են որոշ ապրանքներ, մասնավորապես` մսի (տավարի, խոզի) եւ կարագի գները բարձրացել են, ի տարբերություն սեպտեմբերի վերջին շաբաթվա, մսի եւ կարագի գները բարձրացել են 200-300 դրամով: Առեւտրականները չեն բացառում մոտակա թանկաոցումները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները հաստատում են, որ մայրաքաղաքի սպառողական շուկայում գնաճ է, սեպտեմբերին որոշ ապրանքատեսակներ թանկացել են:

Պաշտոնական տեղեկություններով` 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3% գնաճով:

Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների՝ 0.4% նվազում: 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3%, այդ թվում, սննդամթերքինը եւ ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ)՝ 97.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.2%, ծառայությունների սակագներինը՝ 99.4%:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4%-ով, հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 11.6-4.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 11.5%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.4% գնաճ, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 4.6% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է շաքարի եւ շաքարավազի 7.6-2.9% գնանկում, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 4.6%-ով:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հրուշակեղենի գները նվազել են 0.4%-ով, իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանա-գրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ` 5.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.3-10.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.5%-ով:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնաճ (պայմանավորված կարագի 4.2% գնաճով): Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.5%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`1.6% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.2-2.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում): Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1.9%-ով:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի 0.4%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.6%, սուրճի, թեյի և կակաոյի 1.8% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համե-մատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ (այդ թվում, ձվի գինը նվազել է 0.6%-ով):

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի եւ կոշիկի՝համապատասխանաբար 5.2% և 6.4% գնաճով:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.8% և 0.1%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1% և 13.9% գնաճ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-2.1%-ով (գնաճի ամենբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում):

Անի Մկրտչյան

Ամողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս