Բաժիններ՝

Սթիվ Վոզնյակը բացատրել է, թե ինչու է դադարել վախենալ «մեքենաների պատերազմի» սկսվելուց

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ մարդկանց համար արհեստական ինտելեկտի վտանգը դեռեւս հեռու է: Վոզնյակն ասել է, որ փոխել է իր կարծիքը այն հարցի վերաբերյալ, թե արդյոք այդքան վտանգավոր է արհեստական ինտելեկտը։

«Ես դրան համաձայն էի եւ այդ մասին բեմից խոսում է տարիներ շարունակ՝ այն բանից երկու տարի առաջ, երբ սկսվեցին Իլոն Մասքի եւ Սթիվեն Հոքինգի հրապարակային հայտարարությունները: Բայց ես փոխել եմ իմ կարծիքը: Ես տրամաբանական պատճառներ ունեմ ենթադրելու, որ այդ վտանգը վերաբերում է շատ հեռու ապագային: Տասնյակ, հարյուրավոր տարիներ պետք է անցնեն, որ այն դառնա իրական:

Գուցեեւ այն երբեք այդպիսին չդառնա»,-հայտարարել է Վոզնյակը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ երբ խոսում են վտանգի մասին, նկատի են առնում, որ անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ բան անել, բայց արհեստական ինտելեկտը դեռեւս չի մոտեցել նույնիսկ մարդկային ինտելեկտի մակարդակին: «Նրանք կարող են ավելի արագ ինչ-որ բան անել, օրինակ՝ խաղ խաղալ՝ ղեկավարվելով այն կանոններով, որոնք նրան տվել է մարդը: Եվ, ըստ էության, նրանք լուծում են խնդիրներ, որոնք նրանց առաջադրում է մարդը: Բայց արհեստական ինտելեկտն այժմ հեռու է այն բանից, որ գա ու ինքն իրեն հարցնի՝ ինչ խնդիր պետք է ես լուծեմ: Ինչ պետք է ես անեմ, որ երջանիկ դառնամ:

Հասկանում եք՝ առայժմ պայմաններ չկան այն բանի համար, որ մեքենան ասի՝ մարդիկ մեզ խանգարում են, առանց նրանց ավելի լավ կլինի»,-պարզաբանել է Վոզնյակը: Նա նաեւ նշել է, որ գիտնականներն ու հետազոտողները դեռեւս մինչեւ վերջ չգիտեն՝ ինչպես է կառուցված մարդու ուղեղը: Մարդը կարող է կառուցել մեքենա, որը կխաղա խաղեր եւ ինչ-որ բան կսովորի զրոյից, ինչպես երեխան: Բայց դեռեւս չկան մտածելու ունակ մեքենաներ: Բոլոր տեխնոլոգիաներն ու ամբողջ արհեստական ինտելեկտը, որոնց վրա այժմ աշխատում է մարդը, դեռեւս ենթարկված են նրան, նշել է Վոզնյակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս