Կադրային նոր փոխատեղումներ՝ ՊԵԿ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են։ Դատելով վերջին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին։
Մեր տեղեկություններով՝ իր տեղը զիջելու է նախ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը, ում տարիներ շարունակ հովանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, «Փեթակի» սեփականատեր, «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը։
Նրա փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի կազմակերպման եւ հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը, որին ժամանակին հեռացրին խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնից՝ բավականին աննշան պաշտոնի նշանակելով։
Մաշադյանի ղեկավարած կազմհսկողության վարչությունն էլ, հավանաբար, կղեկավարի նախագահի աշխատակազմից սերող, այժմ կազմհսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Զաքարյանը՝ ՀՀ նախագահի օգնական Մարտին Զաքարյանի որդին։
Ի դեպ, Տիգրան Զաքարյանը երկար տարիներ եղել է Մաշադյանի ղեկավարը տարբեր տեսչություններում։ ՊԵԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնելն առաջին հերթին ՊԵԿ ղեկավարի վստահությունը վայելելու հետ է կապված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: