««Ույուտ» ՍՊԸ-ի տնօրենը չի հանդիսանում փոխքաղաքապետը». Շիրակի մարզի դատախազ
«Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել, որ պայթեցվել է կամ փոխքաղաքապետինն է: Մենք ունենք հաղորդում «Ույուտ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որը չի հանդիսանում փոխքաղաքապետը: Տվյալ անձը հաղորդում է տվել, որ իրենց բակում կանգնած «Ման» մակնիշի ֆուռ ավտոմեքենան, իր ենթադրմամբ՝ անհայտ անձի կողմից հրկիզվել է: Նշված փաստի կապակցությամբ իմ հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այն, որ պայթեցրել են, կամ այդ ավտոմեքենան փոխքաղաքապետինն է, որևէ տվյալներ գործում այդ մասին չկան»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Արթիկում տեղի ունեցած «Ման» մակնիշի ֆուռ ավտոմեքենայի հրկիզմանը՝ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հարցին՝ ո՞վ է անձը, որին պատկանում է մեքենան, Կ. Գաբրիելյանը չմանրամասնեց, ասելով՝ «Անուն-ազգանունը չէ, «Ույուտ» ՍՊԸ-ին է պատկանում»:
Մեր հաջորդ հարցին, թե ո՞վ է «Ույուտ» ՍՊԸ-ի սեփականատերը, դատախազը խուսափեց պատասխանել՝ նշելով. «Հիմա չեմ կարող պատասխանել, դուրս եմ եկել աշխատասենյակից»:
Այսպիսով, Կ. Գաբրիելյանը հերքեց, որ «Ման» մակնիշի ֆուռ ավտոմեքենան պատկանում է Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին, սակայն մամուլում առկա տեղեկությունների համաձայն, այն վերջինիս է պատկանում:
Թե ի՞նչ կապ ունի «Ույուտ» ՍՊԸ-ն Արթիկի փոխքաղաքապետի հետ, նաև տեղի ունեցածի վերաբերյալ այլ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանին, սակայն վերջինս անհասանելի էր:
Արթիկի նախկին համայնքապետ Արսեն Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին Արթիկում չէ, կատարվածից էլ տեղյակ չէ:
Նշենք նաև, որ 2016թ. հոկտեմբերին Արթիկում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում 4143 ձայնով ընտրվել էր ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, իսկ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը ստացել էր 3989 ձայն: Վարագյանին ընտրվելու հարցում լայնորեն աջակցել էր Արթիկի ներկայիս փոխքաղաքապետը:
Անահիտ Սիմոնյան