«Հայաստանում առավելագույնը մեկ տասնյակից ավելի գյուղեր ունենք, որտեղ ծորակից ջուր չի հոսում». Դավիթ Լոքյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ կառավարության ծրագրից բոլորովին չի երևում, որ 2020թ. վերջում 580 գյուղական համայնքներից որևէ մեկում կլուծվի խմելու ջրի խնդիրը. «Քանի՞ գյուղում կլուծվի խմելու ջրի հարցը մինչև 2020թ. ավարտը»։
Ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ բարձրացված հարցն իսկապես պրոբլեմային է փոքր լեռնային գյուղերում, ինչպես նաև՝ հարթավայրային որոշ տարածքներում. «Հայաստանում առավելագույնը մեկ տասնյակից ավելի գյուղեր ունենք, որտեղ ծորակից ջուր չի հոսում։ Պրոբլեմն այն է, որ այդ 500 և ավելի գյուղական բնակավայրերը խուսափում են ընդգրկվել «Վեոլիա ջուր» ընդհանուր տիրույթում և ջրամատակարարման ընդհանուր համակարգի մաս կազմել, օգտվել ներդրումներից, որոնք նախատեսված են այդ ոլորտում։ Պատճառը ջրաչափերն են. ժողովուրդը փորձում է չմտնել այդ ծանրության տակ, ասում են՝ գիտեք՝ մեր պապերն են կառուցել այս ջրագիծը, մենք օգտվելու ենք դրանից, չենք վճարելու, համայնքապետարանը կսպասարկի այդ ջրագիծը, և այլն»։
Նախարարը նշեց, որ ներդրումներն այս ոլորտում մեծ են լինելու, և մինչև 2020թ. խնդիրը լուծում կստանա գոնե 1 քառորդով։