«Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել». Միլան Շտեխ
«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- այսօր Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը` նկատելով, որ հարցը շատ նուրբ է:
Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ Մ.Շտեխը նշեց, որ կողմնակից է միայն մեկ տարբերակի՝ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորմանը: Ըստ նրա` այնպիսի գերտերություններ, ինչպիսին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան են, պետք է կարողանան ապահովել խնդրի խաղաղ ու արդար լուծումը: