ՏՄՊՊՀ-ն խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում խախտումներ է արձանագրել 30 ընկերություններում (ցանկ)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով, և 30 ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել:
Այսօր ՏՄՊՊՀ-ում նիստ էր գումարվել՝ ներկայացնելու ուսումնասիրության արդյունքները: Նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել Երևանի 8 ամենամեծ սուպերմարկետներում՝ բացահայտելով, որ բոլոր խանութներում վաճառում են կաթ պարունակող կաթնամթերք՝ խտացրած կաթի փոխարեն:
«Սրանք արտաքին տեսքով, համով-հոտով իրար նման ապրանքներ են հանդիսանում, սակայն իրականում դրանք տարբեր ապրանքներ են: Համաձայն օրենսդրության՝ մեկը կոչվում է խտացրած կաթ, մյուսը՝ կաթ պարունակող մթերք: Այդ ապրանքների միջև առկա է միջև 40 տոկոսի հասնող գնային տարբերություն: Տարբերությունը կայանում է նրանում, որ խտացրած կաթը պատրաստվում է կենդանական յուղից, իսկ կաթ պարունակող մթերքները պարունակում են միայն բուսական յուղ»,- նշեց Ա. Շաբոյանը:
Նրա խոսքով՝ իրենք բացահայտել են նաև հալած պանրին վերաբերող խնդիր. «Բացահայտել ենք, որ դեպքեր կան, երբ վաճառվում է հալած պանրային արտադրանք՝ հալած պանրի փոխարեն: Նույն տրամաբանությամբ՝ հալած պանիրը պատրաստվում է կենդանական յուղից, իսկ հալած պանրային արտադրանքը՝ բուսական յուղից»:
Ա. Շաբոյանն ասաց, որ վարչական վարույթի ժամանակ սուպերմարկետները պատճառաբանություն են ներկայացրել, որ այդ ապրանքները մատակարարվել են այլ տնտեսվարողների կողմից, և մատակարարման փաստաթղթերով նշված է եղել՝ համապատասխանաբար՝ խտացրած կաթ և հալած պանիր. «Ստացվում է՝ ամենամեծ մեղավորները մատակարար ընկերություններն են, որոնք հաշիվ-ապրանքագրերում սխալ տեղեկատվություն են ներկայացրել, սակայն մենք կարծում ենք՝ իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները, խանութները, որովհետև նրանք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից վաճառվող ապրանքների նկատմամբ և ամեն ինչ անեն, որ այդ ապրանքները համապատասխանեն իրականությանը»:
ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ այդ 22 մատակարար ընկերությունները, այդ երկու ապրանքներից բացի, ևս երկու այլ ապրանքների գծով նման անբարեխիղճ մրցակցային գործունեություն են իրականացրել. «Խոսքը վերաբերում է հալած յուղին և թթվասերին: Դեպքեր են բացահայտվել, երբ վաճառվում և իրացվում է բուսաճարպային խառնուրդ՝ հալած յուղի փոխարեն: Համաձայն օրենսդրության՝ հալած յուղը պարունակում է կենդանական յուղ, իսկ բուսաճարպային խառնուրդները՝ բուսական յուղեր և այլ փոխարինիչներ: Դեպքեր ենք բացահայտել, որ իրացվել է թթվասերային արտադրանք՝ թթվասերի փոխարեն: Նույն տրամաբանությամբ՝ թթվասերը պատրաստվում է կենդանական յուղից, իսկ թթվասերային արտադրանքը՝ բուսական յուղից»:
Ա. Շաբոյանի դիտարկմամբ՝ այս խնդիրները վնաս են հասցնում ոչ միայն սպառողների շահերին, այլև արդար տնտեսվարողներին, քանի որ անբարեխիղճ տնտեսվարողները նման գործունեության միջոցով շուկայից դուրս են մղում արդար և բարեխիղճ տնտեսվարողներին. «Հանձնաժողովը բոլոր այս խնդիրները որակել է՝ որպես անբարեխիղճ մրցակցային գործունեություն: Հանձնաժողովը խիստ նախազգուշացում է կիրառել բոլոր այս 30 տնտեսվարողների նկատմամբ: Մեղմ մոտեցում է դրսևորվել տնտեսվարողների նկատմամբ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջինը, որ հիմնականում բոլոր տնտեսվարողներն ընդունել են այս խնդիրը, խոստացել են արագորեն շտկել, հետագայում թույլ չտալ, բացառել նման խախտումները, շատերի կարծիքով՝ նման խնդիրները թյուրիմացության արդյունք են: Նաև հաշվի ենք առել այն հանգամանքը, որ նման խնդիրներ առաջին անգամ ենք բացահայտում, և նաև այս ճանապարհով տնտեսվարողները, սպառողներն իրազեկվում են: Այս անգամ մեղմ մոտեցում ենք կիրառել տնտեսվարողների նկատմամբ, սակայն հանձնաժողովը խոստանում է, որ հաջորդ անգամ որևէ տնտեսվարողի մոտ նմանատիպ խնդիրներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն, մասնավորապես՝ բարձր ֆինանսական տուգանքներ»:
ՏՄՊՊՀ նախագահը նաև նշեց, որ իրենք գտնում են, որ խնդիրներ կան նաև արտադրողների մոտ. «Ճիշտ է, արտադրողներն օրենքին համապատասխան մակնշում են իրականացնում և ճիշտ ձևով են գրում ապրանքների անվանումը, այնուհանդերձ, այս ապրանքներն արտադրության պրոցեսում իրար շատ նման են, ու կարծում ենք՝ արտադրողները ևս որոշակի խնդիրներ են առաջացնում՝ իրար նման արտադրելով այս ապրանքները: Քանի որ որոշ ապրանքների գծով, մասնավորապես՝ խտացրած կաթի գծով, արտադրող ընկերությունները ռուսական ընկերություններ են հանդիսանում, այս հարցով դիմել ենք Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը, որպեսզի այս խնդիրն ուսումնասիրեն և կարգավորեն: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրներն առկա են նաև ԱՊՀ մյուս երկրներում, և այդ պատճառով մենք տեղեկացրել ենք մեր ԱՊՀ գործընկերներին, որպեսզի իրենց երկրներում ևս ուսումնասիրություններ կատարեն և կանխարգելեն նման անբարեխիղճ մրցակցային գործունեությունները»:
Նշենք, որ այդ 30 ընկերություններն են՝ «ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ, «Առգե Բիզնես» ՍՊԸ, «ԴԱԱՌ» ՍՊԸ, «Դերժավա-Ս» ՓԲԸ, «Լ. Դ. Լ» ՍՊԸ, «ԽԱՔ» ՍՊՀ, «Դեագա» ՍՊԸ, «Էլիտա» ՍՊԸ, «Մակրո Ֆուդ» ՍՊԸ, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ, «Լուսինա» ՍՊԸ, «Շիրո» ՍՊԸ, «Ոսկե Դելֆին» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Ցիկլոիդ» ՍՊԸ, «Էքսիտո» ՍՊԸ, «Սվետա» ՍՊԸ, Ա/Ձ Ժիրայր Ավագյան, Ա/Ձ Կարեն Սարգսյան, Ա/Ձ Յուրիկ Պողոսյան, «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Պարմա», «ՎԱՍ», «Կրպակ», «Ծիրան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: