Ցյուրիխյան արձանագրությունները՝ Պուտին-Էրդողան քննարկումների ծիրից դուրս

Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից Թուրքիային վերջնաժամկետ հայտարարեց՝ Ցյուրիխյան արձանագրությունները պաշտոնական Անկարայի մութ գզրոցներից հանելու և վավերացնելու համար։ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել էր Ս.Սարգսյանը:

Հայ-թուրքական արձանագրությունների ակունքներում ռուսական հետք նշմարող վերլուծաբանները գտնում էին, որ թեման չի կարող չքննարկվել օրերս ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում։ Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա այցի և թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ որևէ կերպ չշոշափվեց այդ հարցը։ Համենայն դեպս, թե՛ ռուսական, թե՛ թուրքական մամուլում հայկական խնդրին անդրադարձ չկա։ Ասվում է, որ մոտ 4 ժամ տևած բարձր մակարդակի հանդիպման գլխավոր արդյունքը Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցության հավաստիացումն է եղել, և, իհարկե, թուրքական լոլիկի վերադարձը Ռուսաստան:

Ուշագրավ է, որ հայ-թուրքական արձանագրությունների «թարմացումը» հաջորդեց ԵԱՏՄ-ի հետ մաքսային համագործակցության առաջարկի մասին թուրքական կողմի հայտարարությանը։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ունենալու Թուրքիայի ցամաքային ուղին Հայաստանն է։

Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների արծարծման մասին պաշտոնական Երևանը տեղեկություն չունի։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը «168 Ժամի» հետ զրույցում տարակուսեց, թե ինչո՞ւ պետք է նախագահները քննարկեին այդ հարցը։ ԵԱՏՄ-ից, ըստ նրա, Անկարային որևէ առաջարկ չի եղել։ Նաև Թուրքիայի կողմից որևէ դիմում չի եղել։

«Եղել է հայտարարություն իրենց պաշտոնյայի կողմից, որ իրենք ցանկանում են դառնալ այդ մաքսային տարածքի անդամ, որը, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, հնարավոր չէ։ Որովհետև մասնատված անդամակցություն պայմանագիրը չի նախատեսել։ Այլ բան է, որ կան պետություններ, ում հետ գնում են բանակցություններ ավելի պրեֆերենցիալ առևտրի ռեժիմների մասին, ինչպես դա արվեց Վիետնամի հետ, այժմ Իրանի հետ է բանակցվում և մի շարք այլ պետությունների հետ։ Բայց այդ հարցով նույնպես Թուրքիան չի դիմել։ Իսկ ցանկացած քայլ ԵԱՏՄ-ում արվում է բոլոր անդամների կոնսենսուսային համաձայնությամբ»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ հայ-թուրքական արձանագրություններին որոշակի անդրադարձ, իհարկե, պետք է կատարվեր. «Ընդհանրապես, նման հանդիպումների ժամանակ հնարավոր չէ այդ հարցը բոլորովին շրջանցել։ Հասկանալի է, որ ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում առնվազն մոտ ժամանակահատվածում որևէ առաջխաղացում, քաղաքականության որևէ փոփոխություն այս առումով որևէ կողմից պետք չէ սպասել։ Հարցն այն է, որ, իհարկե, կարելի է կանխատեսել, որ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը կվերադառնա քաղաքական օրակարգ։ Սակայն դա կլինի նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, տարիներ, անգամ տասնամյակներ հետո։ Դա պետք չէ բացառել, և այդ հարցը շատ նուրբ խնդիր է»։

Ամեն դեպքում, Է.Վարդանյանի խոսքով, արձանագրությունների ստորագրման կամ նախաստորագրման այս նախադեպի հիման վրա հետագայում փորձ է արվելու ինչ-որ նոր տեսակի պայմանավորվածություն ձեռք բերել. «Բայց ես չեմ կարծում, որ դա մոտ ապագայում հնարավոր է, որովհետև ինչ-որ ստատուս-քվո կա, և այն պահպանելու միտումը բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ցույց է տրվում, որ նրանք ցանկանում են այդ ստատուս-քվոն իրականում պահպանել, ոչ թե փոխել։ Պետք է տեղի ունենա ինչ-որ ռադիկալ փոփոխություն կամ փոփոխություններ, հիմնականում՝ աշխարհաքաղաքական բնույթի, իհարկե, նաև որոշ չափով ներքին քաղաքական փոփոխություններ, որպեսզի այդ հարցն ակտուալանա, և կողմերը փորձեն նոր շունչ դնել այդ ամեն ինչի մեջ»։

Կարո՞ղ է արդյոք այդ աշխարհաքաղաքական փոփոխությունը լինել ԵԱՏՄ-Թուրքիա մաքսային համգործակցությունը, Է.Վարդանյանը քիչ հավանական համարեց. «Դա մի փոքր այլ բնույթի հարց է։ Այն հիմնավորումները, որոնք հիմք են ծառայել նմանատիպ ստատուս-քվոյի ստեղծման համար՝ թե՛ հայ-թուրքական արձանագրությունների, թե հարաբերությունների հետ կապված, այդ հիմնավորումները չեն վերանայվել, և այդ հիմնավորումների հետ կապված որևէ աշխարհաքաղական փոփոխություն տեղի չի ունեցել։ Խնդիրը, բնականաբար, հիմնականում Ղարաբաղն է։ Տարածաշրջանային քաղաքական հարաբերություններում գերտերությունների, խոշոր խաղացողների ներգրավվածության առումով էլ այստեղ փոփոխություն չկա։ Նույն խաղացողներն են, նույն կերպ ներգրավված են, և իրենց հարաբերություններում էլ ռադիկալ փոփոխություններ չեն եղել»։

Տեսանյութեր

Լրահոս