«Վստահ եմ, որ մենք շախմատի ոլորտի հեղափոխություն անելու ճանապարհին ենք». Գոռ Վարդանյան
Հայաստանում մեկնարկել է «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը: Այս տարի «ԴիջիԹեքին» մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ: «ԴիջիԹեք 2017»-ին մասնակցում են հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:
Այս տարի «ԴիջիԹեքում» մեծ հետաքրքրություն է առաջացրել Chessify ստարտափի տաղավարը:
Chessify հավելվածը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Հավելվածի հեղինակները նշում են, որ հավելվածը ոչ թե լուծում է խնդիրը երեխայի փոխարեն, այլ օգնում է լուծել շախմատային դասագրքի խնդիրները:
Հավելվածում առկա է նաև վերլուծության բաժին, որը, սակայն, ծնողները կարող են անջատել: Հավելվածը թույլ է տալիս նաև հետևել այդ պահին ընթացքող ամենանշանակալի շախմատային հանդիպումներին՝ խորը վերլուծության ենթարկելով քայլերը:
Հավելվածը նախատեսված է ոչ միայն դպրոցականների, այլև պրոֆեսիոնալ շախմատիստների համար, քանի որ նրանք կարող են մարզվել հենց այս հավելվածի միջոցով:
Այս տարի «ԴիջիԹեքում» ստարտափը հանդես է գալիս երկու հիմնական նորություններով՝ մարդու ոճով խաղացող շախմատային ծրագիր և 3D խաղատախտակի ճանաչում, որի նախադեպը չկա աշխարհում:
Ստարտափի համահիմնադիր-տնօրեն Գոռ Վարդանյանը նշում է, որ ցուցահանդեսի բոլոր այցելուները, ներառյալ՝ նախագահը, փոքրերը, մեծերը, շախմատիստները, պրոֆեսիոնալներն ու ուղղակի դիտորդները զարմանում էին իրենց ներկայացրած պրոդուկտը տեսնելիս: «Վստահ եմ, որ մենք շախմատի ոլորտի հեղափոխություն անելու ճանապարհին ենք»,- նշում է Գոռ Վարդանյանը:
Հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Հավելվածը թարգմանված է 10 լեզուներով: Հավելվածից ամենից շատ օգտվում են Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում և Նորվեգիայում։
Այս պահին հավելվածն ունի ավելի քան 100 հազար ներբեռնում:
Ի դեպ, այս շաբաթ Հայաստանում անցկացվեց Seedstars մրցույթի հայաստանյան փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց Chessify թիմը: Այն կներկայացնի Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթում:
Սիրարփի Աղաբաբյան