Մայրը նորածնին վաճառել է 20 հազար դրամով, ապա փոշմանել է և ևս 55 հազար դրամ պահանջել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում երեխայի վաճառքի և միաժամանակ առեւանգման մասին հաղորդումների առնչությամբ ՀՀ ոստիկանությունը կատարում է հետաքննություն:

Լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել Իննա Ղ.-ից: Նա հայտնել է, որ վեց ամիս առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն և պահանջել 20 հազար դրամ՝ երեխայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու, ծննդյան վկայական տալու համար, սակայն հիմա եկել և 55 հազար դրամ է պահանջում նույն հարցի համար:

Նյութեր նախապատրաստելու ընթացքում պարզվել է, որ ապրիլի 6-ին Իննան, երեխա որդեգրելու նպատակով, այցելել է երեխայի մոր՝ Գյուլիզար Գ.-ի տուն, որտեղ նրանք համաձայնության են եկել: Նույն նյութեր նախապատրաստելու ընթացքում երեխայի մայրն էլ հաղորդում է տվել, որ փոքրիկին ապրիլ ամսին առեւանգել են: Նա նշել է, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Հանրապետական» ծննդատան մոտակայքում, պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր նորածին երեխային անհայտ անձինք առևանգել են:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում սկսվել է հետաքննություն: Քրեական գործ դեռևս հարուցված չէ:

Երեխայի առք ու վաճառքը քրեորեն պատժելի արարք է: Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածն այսպիսի գլխագիր ունի. «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»: Այսինքն, պատասխանատվություն է նախատեսվում երկու կողմերի համար էլ: «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- ասվում է մեջբերված հոդվածի 1-ին մասում:

Նորածին երեխայի խնամքը ստանձնած ամուսիններն ապրում են Վաղարշապատ քաղաքում: Մայրը մարզի գյուղերից մեկի բնակիչ է:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ երեխայի խնամակալության հետ կապված առկա է Վաղարշապատի հոգաբարձուների խորհրդի որոշում: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ քաղաքապետարանում գործում է խնամակալության հանձնաժողով, իսկ նշված խնդիրն այդ հանձնաժողովի իրավասությունների ոլորտում չէ: Վաղարշապատի քաղաքապետարանից այդուհանդերձ տեղեկացրին, որ վերոնշյալ անձինք այդ հանձնաժողովին չեն դիմել:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի մասին ինքը տեղյակ է: Օրեր առաջ պարզել է, որ Դմիտրիի և Իննայի ընտանիքում երեխա կա: Ամուսիններն, ի դեպ, երկար տարիներ երեխա չեն ունեցել: 45-ամյա Դմիտրին և 33-ամյա Իննան մեծացել են մանկատանը:

Ըստ տիկին Ապիտոնյանի, նրանք վստահեցրել են, որ փոքրիկի մայրն իրենց բարեկամուհին է, դա նրա 8-րդ երեխան է, ընտանիքն ապրում է չափազանց ծանր սոցիալական պայմաններում, և մայրը ցանկացել է, որ որդեգրեն նորածնին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս