Բաժիններ՝

Արթուր Վարդանյանը ասում էր, որ միանալու է 37 երկրների հակաահաբեկչական կոալիցիային. վկա

Մարաշի զինված խմբի կամ հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով դատական նիստում այսօր ավարտվեց վկաների հարցաքննությունը:

Վերջին վկայի հարցաքննության ընթացքում բացահայտվեց, ըստ մեղադրանքի, հանցավոր համագործակցություն կազմակերպած ու ստեղծած Արթուր Վարդանյանի տեսակետների, իսկ գուցեև ֆանտազիաների ամբողջությունը: Այսպես, վկան պատմեց, որ իր հետ կապվել է գործով ամբաստանյալ Արա Պողոսյանը և առաջարկել համագործակցություն, ապա վկան ծանոթացել է նաև Արթուր Վարդանյանի հետ:

Այսպես, վկային՝ Իշխանին, գումար էր անհրաժեշտ հայոց դիվանագիտության և մինչև 1918թ. կնքված պայմանագրերի ու դրանց շուրջ քաղաքական զարգացումների վերաբերյալ վավերագրական ֆիլմի՝ իր հեռուստանախագծի, ֆինանսավորման համար, Արթուր Վարդանյանը խոստացել է ֆինանսավորել նախագիծը:

Ֆիլմի նկարահանումները, ըստ նախագծի հեղինակ վկայի, պետք է կատարվեին չորս ուղղությամբ՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Կիլիկիա, Իրան, միայն Արևմտյան Հայաստանի ուղղությամբ անհրաժեշտ պետք է լիներ 20 հազար եվրո:

Արթուր Վարդանյանի հետ իր նախավերջին հանդիպման ժամանակ արդեն իսկ վկան հասկացել է, որ «ֆիլմ չենք ունենալու», եղանակներն արդեն ցրտել էին և այդ պայմաններում նկարահանումներ չէին կարող լինել, և ֆինանսավորումն էլ չկար:

Արդյոք հանդիպումների ժամանակ խոսվե՞լ է Ազգային ժողով գրավելու, նախագահի ինքնաթիռին հարվածելու մասին հարցերին վկան բացասական պատասխան տվեց:

Ըստ վկայի` Արթուր Վարդանյանն ասում էր, որ 37 երկրից կազմված հակաահաբեկչական կոալիցիային պետք է միանա:
Վկան համաձայնեց ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիտարկման հետ, որ Արթուր Վարդանյանի գաղափարները նրա ֆանտազիաներն էին: Վկան նշեց, որ նա դրանց լուրջ չի վերաբերվել, «ուղղակի զրուցում էր»:

Վկան նշեց, որ Արթուր Վարդանյանն ասում էր, որ իշխանափոխություն է տեղի ունենալու Սփյուռքի ուժեղ ճնշման տակ և հանրաքվեի է դրվելու Հայաստանին Արցախի միավորման հարցը: Իշխանափոխության մեջ ինքը Արթուր Վարդանյանի դերակատարումը չի տեսել, պարզապես նա կարծիք էր հայտնում:

Դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքներն, ըստ որոնց Արթուր Վարդանյանն ասում էր, որ Քեսաբում ինքը կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը, խոստացել է նկարահանող խմբին Հզբոլլահի միջոցով մտցնել Սիրիա՝ երաշխավորելով խմբի անվտանգությունը:

Արթուրն ասել է՝ իշխանափոխություն տեղի կունենա, կկազմավորվի ժամանակավոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ու Հայաստանին՝ Արցախի միավորվելու հանրաքվե: Ըստ Արթուր Վարդանյանի, հակաահաբեկչական կոալիցիայի երկրները հենց առաջին օրը կճանաչեն միացյալ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ Ռուսաստանն ու Իրանը:

Վերամիավորվելուց հետո Ադրբեջանը պատերազմ կսկսի, Վրաստանը կփակի իր տարածքը, որովհետև ունի պայմանագիր Ադրբեջանի հետ, եթե Վրաստանը փակի սահմանը, Հայաստանը չորս կողմից կհայտնվի շրջափակման մեջ: Այդ պայմաններում ճանապարհ բացելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի հարձակվել ու նվաճել Ջավախքը: Քրդերն էլ իրենց հերթին կփակեն թուրքերի ճանապարհը դեպի Նախիջևան: Վերջինիս ղեկավարությունը, ըստ Արթուր Վարդանյանի, կցանկանա ինքնավարության կարգավիճակով մտնել Հայաստանի կազմի մեջ:
Նպատակը մեծ Հայաստան ստեղծելն է, որին «մենք կհասնենք մոտ ապագայում»:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր նաև, որ ըստ Արթուր Վարդանյանի, Սփյուռքի գործարարները հավաքվել են և հայտնել, որ եթե իշխանությունը հեռանա, իրենք 37 մլրդ դոլարի ներդրում կանեն, բյուջե է կազմվել, որով պետք է փակվեր Հայաստանի արտաքին պարտքը:

Հաջորդ դատական նիստում կսկսվի գործի գրավոր ապացույցների հետազոտումը:

 Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս