Հնդիկ գործարարը զբոսաշրջային Հայաստանն իր երկրում ներկայանալի դարձնելու ծրագրեր ունի
Հնդիկ գործարարը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու հավակնոտ ծրագրեր ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Prememedia Group» ընկերության գործադիր տնօրեն Անիշ Գանդհին, ով Հայաստանում է հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում:
«Հայաստան այցելելու մեր հիմնական նպատակն է փնտրել գաղափարներ, որոնց համար մենք կարող ենք ներդրումներ կատարել: Մենք ուզում ենք օգնել Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեին՝ զբոսաշրջային Հայաստանը Հնդկաստանում ներկայանալի դարձնելու համար: Ընկերության առաջին քայլը կլինի Զբոսաշրջության պետական կոմիտեին առաջարկել զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով հիմնել գրասենյակներ Հնդկաստանում»,-ասաց հնդիկ գործարարը:
Անիշ Գանդհիի խոսքով՝ իր ընկերությունը կօգնի գրասենյակներ հիմնել Հնդկաստանի տարբեր հատվածներում: Կնպաստեն, որ տուրիստական օպերատորները Հնդկաստանում ճանաչեն Հայաստանը, երկրի հետաքրքիր վայրերը:
«1.3 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանում քչերը գիտեն Հայաստանի մասին: Եվ մենք փորձում ենք զբոսաշրջության ոլորտում անել ավելին, ներդրումներ կատարել նաև Հայաստանի հյուրատներում, հյուրանոցներում»,-ասաց գործարարը:
Նրա կարծիքով՝ հնդիկները սիրում են պատմություն, և, հետևաբար, Հայաստանում նրանց կարող է հետաքրքրել պատմական, թանգարանային զբոսաշրջությունը: «Դուք ունենք առևտրի շատ կենտրոններ, ակումբներ, ժամանցի այլ վայրեր: Հայաստանը հնդիկ զբոսաշրջիկների համար լավագույն վայրն է»,-նշեց ընկերության տնօրենը:
Անիշ Գանդհիի խոսքով՝ իր ընկերությունը հետաքրքրված է ավիացիայի ոլորտով: «Ոչ առևտուրը, ոչ տուրիզմը չեն կարող գոյություն ունենալ առանց կապի, հաղորդակցության: Մենք պետք է ավելի շատ չվերթներ իրականացնենք: Այսպիսով, ցանկանում ենք հանդիպել նաև ավիաընկերությունների հետ, հաստատել հետաքրքիր համագործակցություններ»,-եզրափակեց հնդիկ գործարարը: