«Լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանն իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին». Միհրան Հակոբյան. «Իրավունք»
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ «տնային աշխատանքը» կատարելու մասին Հայաստանին ուղղված հորդորին:
«Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել և անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։ Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստ ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով։
Ամեն դեպքում լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետև նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ։ Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բանական է, որ որպես բանակցող կողմեր՝ և՛ Հայաստանը, և Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ։ Ավելին՝ մինչև այդ պարտավորությունները չկատարվեն, բնականաբար, վիզաների ազատականացում չի լինի։
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթին, ապա չեմ կարծում, թե Սվիտալսկին կարող էր նկատի ունենալ այն, որովհետև դրա բանակցություններն ավարտված են, և մնում է միայն ստորագրման փուլը։ Հետևաբար, այդտեղ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու ոչ մի խնդիր չկա։ Իսկ վիզաների ազատականացման հարցը, որը բանակցային փուլում է գտնվում կամ դեռ չի էլ սկսվել, այդտեղ, բնականաբար, փոխադարձ պարտավորություններ պետք է լինեն, և դրանք պետք է երկկողմանի կատարվեն, որ այդ գործընթացը տեղի ունենա»,-ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: