Սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության փող չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղը Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի բնակավայրերից է, ուր գիշերային լուսավորության ցանց չկա: Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորությամբ գտնվող, 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը թերթի հետ զրույցում ասաց, որ գիշերային լուսավորության ցանց ունենալուն բարեկամավանցիների մի մասը դեմ է՝ կարծելով, որ գիշերները վառվող լույսերը ադրբեջանցի զինյալների համար թիրախ կարող են դառնալ, բնակիչների այլ մասը գիշերային լուսավորությանը կողմ է:
Նշեմ, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանակից այլ գյուղեր՝ Կոթին, Ոսկեվանը, Ոսկեպարը, Բերդավանը, Դովեղը, Բաղանիսը, ունեն գիշերային լուսավորության ցանց: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գիշերները Բարեկամավանի գյուղապետարանի շենքի եւ գյուղի 5 առանձնատների առաջ լույսեր են վառվում: Նա ասաց, որ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու խնդիրը ինքը ներկայացրել է Նոյեմբերյանի համայնքապետարան:
Բարեկամավանը 2016 թվականի սեպտեմբերից խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Բարեկամավանի վարչական ղեկավարի խոսքերով՝ Նոյեմբերյան համայնքը սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու համար ֆինանսական միջոցներ չունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: