
Բեյոնսեն և Ջեյ Զին 100-ամյա առանձնատուն են գնել 26 մլն դոլարով

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ Ջեյ Զին, շքեղ կալվածքի սեփականատերեր են դարձել Նյու Յորքի Հեմփթոնս արվարձանում: Այդ մասին հայտնել է Forbes-ը: Յոթ ննջասենյակներով եւ ծովալճակի մոտ սեփական հողակտորով տան համար նրանք վճարել են 26 մլն դոլար: Ռիելթորների խոսքով՝ նման բնակարանը նաեւ թագուհու կսազեր:
3,6 հազար քառակուսի մետր մակերեսով տունը կառուցվել է հարյուր տարի առաջ ամերիկացի ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի կողմից, որը բնակարաններ էր կառուցում հարուստների համար: Նրա ամենահայտնի նախագծերի թվում են՝ Վաշինգտոնի հաղթական կամարը եւ Մեդիսոն սքվեր գարդենը:
Տունը շրջապատված է անձեռնմխելի մարգագետիններով, իսկ հյուրասենյակի պատուհանը բացվում է լճակի վրա: Լոգասենյակների հարդարման համար օգտագործվել է Վերոնայից բերված մարմար, կահույքը ձեռքի աշխատանք է՝ պատրաստված փայտի թանկարժեք տեսակներից:
Հավելենք, որ Բեյոնսե Նոուլզ-Քարթերը եւ Ջեյ Զին (իսկական անունը Շոն Քարթեր) ամուսնացել են 2008 թվականի ապրիլին Նյու Յորքում: