
««Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պայմանագիր է կնքել Հայաստանի հետ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարական աշխատանքների կազմակերպման համար». Նախարար

«Ճանապարհաշինության մեջ փոխվել է ճանապարհաշինության երաշխիքային ժամկետը. նախկինում եղել է մեկ-երկու տարի, իսկ այսօր փոխվել, դարձել է 5 տարի բանկային երաշխիքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նաև ասաց, որ հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ. «Ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: ԵՄ-ի հետ աշխատանքներում ևս անդրադարձ է կատարվում ճանապարհային անվտանգության հարցերին, և ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրվել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար»:
Խոսելով ճանապարհների ձմեռային սպասարկման մասին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ հաջողությամբ կատարվել է ձմեռային սպասարկումը: Նրա խոսքով՝ ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով ներդրվել է համապատասխան տեխնիկա, որը հնարավորություն է տալիս հսկել այդ տեխնիկայի աշխատանքային ռեժիմը:
Նախարարը նաև խոսեց Իրան-Հայաստան երկաթգծի մասին՝ նշելով, որ Հայաստանը պայմանագիր ունի արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի շինարարական աշխատանքները կատարելու համար:
Նախարարը երկու անգամ հանդիպել է ընկերության տնօրենի հետ, ներկայացրել է մեր պահանջները. «Եթե չկատարեն մեր պահանջները, Հայաստանը կվերանայի պայմանագիրը: Դա «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է»: