Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ

Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերանորոգումից հետո կրկին իր դռներն է բացել սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սաների առջև: Նախկին անմխիթար վիճակից ոչինչ չի մնացել. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով նորոգվել է մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

«Ոգևորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգևորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր շուրջ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, և բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից մեկը այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։

Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարևոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումը իրականացվելու է համայնքապետարանի և հիմնադրամի համատեղ ջանքերով։ Համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը և պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր։ Համոզված եմ, որ վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների և ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»,-իր խոսքում նշեց Աննա Գիշյանը։

Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ և բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի և շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար:

Կարդացեք նաև

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս երեք դրամաշնորհային ծրագիր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Տեսանյութեր

Լրահոս