ՀՀ բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերը զգալիորեն նվազել են
Հայաստանյան բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջին կազմել է 261.1 մլրդ դրամ, որը ընդհանուր վարկերի 10.4%-ն է (հուլիսի վերջի դրությամբ ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, առանց կուտակված տոկոսների, կազմել է 2 տրլն 506.6 մլրդ դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից։
2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 319.2 մլրդ դրամ էր։
Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում, փաստորեն, ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը նվազել է 58.1 մլրդ դրամով կամ 18.2%-ով։
Նվազումը հիմնականում պայմանավորված է դրամային վարկերի կրճատմամբ։
Այսպես, դրամային վարկերի ծավալը նվազել է 46.8 մլրդ դրամով՝ տարեսկզբի 154.3 մլրդ դրամից հասել է 107.5 մլրդ դրամի։ Իսկ արտարժույթով վարկերի ծավալը նվազել է՝ 165 մլրդ դրամից հասել է 11.4 մլրդ դրամով՝ 165 մլրդ դրամով հասնելով 153.6 մլրդ դրամի։
Այս փոփոխությունների արդյունքում ոչ ռեզիդենտներին տրված վարկերի դոլարայնացման մակարդակը աճել է։ Եթե տարեսկզբին արտարժութային վարկերի կշիռը ընդհանուրի մեջ 51.7% էր, ապա հուլիսի վերջի դրությամբ հասել է 59%-ի։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում ռեզիդենտներին տրված վարկերի ծավալն աճել է 128.6 մլրդ դրամով՝ հասնելով 2 տրիլիոն 245.4 մլրդ դրամի։
Սա ոչ միայն կոմպենսացրել է ոչ ռեզիդենտների գծով նվազումը, այլև ապահովել ընդհանուր վարկային պորտֆելի աճ 70.5 մլրդ դրամով կամ 2.9%-ով։