Կարևոր է իմանալ. թիրեոիդ հորմոնների սխալ արտազատման հիմնական նշանները
Budetezdorovy.ru-ն գրում է, որ վահանաձև գեղձի գործառույթի խանգարման նշանները բավական բարդ են։ Դրանք կարելի է հեշտությամբ շփոթել առողջության հետ կապված այլ խնդիրների հետ։ Ամեն դեպքում հարկավոր է ուշադիր լինել առողջության նկատմամբ և չարհամարհել այս նշանները, որոնք կարող են վկայել թիրեոիդ հորմոնների սխալ արտազատման մասին։
Քաշի անբացատրելի ավելացում։ Եթե չեք փոխել սննդակարգը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սակայն քաշի ավելացում եք նկատում, վահանաձև գեղձի աշխատանքը կարող է խանգարված լինել։ Հորմոնների նվազումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման։
Ցերեկային հոգնածություն։ Եթե ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն եք զգում, ցանկանում քնել, սա կարող է վկայել հիպոթիրեոզի մասին. օրգանիզմին ավելի շատ հորմոններ են հարկավոր էներգիա արտադրելու համար։
Քնի փոփոխություն։ Եթե գիշերը չեք կարողանում քնել, կարող եք խնդիր ունենալ վահանաձև գեղձի առողջության հետ։ Հիպերթիրեոզի դեպքում վահանաձև գեղձն ավելորդ քանակով T3 և T4 հորմոններ է արտադրում։ Դրանք խթանում են կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով անքնություն։
Քաշի անսպասելի նվազում։ Եթե սննդակարգը չի փոխվել, չի ավելացել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և դուք քաշ եք կորցնում, վահանաձև գեղձը, կարող է, չափից ավելի ակտիվ է աշխատում, ինչի արդյունքում նյութափոխանակությունն արագանում է։
Առատ քրտնարտադրություն։ Չափազանց առատ քրտնարտադրությունը կարող է վկայել այն մասին, որ վահանաձև գեղձը գերակտիվ է, հորմոնների բարձր մակարդակն արագացնում է նյութափոխանակությունը և բարձրացնում մարմնի ջերմաստիճանը։
Չափից շատ էներգիա։ Օրգանիզմի ընդհանուր աշխատանքի արագացման հետ մեկտեղ՝ մեծ քանակով էներգիայի առկայություն կզգաք։
Թույլ մազեր։ Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն ազդում է մազերի աճի ցիկլի վրա, դրանք ավելի բարակ են դառնում։
Մշուշ ուղեղում։ Երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է, այն ազդում է նաև ուղեղի աշխատանքի վրա՝ առաջացնելով մշուշի զգացում, ցրվածություն, մտավոր հոգնածություն, հիշողության թեթև վատացում։
Անհանգստություն՝ առանց որևէ պատճառի։ Եթե սկսել եք հաճախ անհանգստանալ փոքր, աննշան երևույթների պատճառով, կարող եք վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունենալ։
Աղիների աշխատանքի փոփոխություն։ Եթե աղիների աշխատանքում փոփոխություն եք նկատում, դա կարող է վկայել այն մասին, որ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է։ Հաճախակի փորկապությունը կարող է առաջանալ վահանաձև գեղձի ցածր ակտիվության հետևանքով։
Դաշտանային ցիկլի պարբերականության խախտում։ Եթե վահանաձև գեղձն անհրաժեշտ քանակով հորմոններ չի արտադրում, դաշտանային ցիկլի տևողությունը կարող է երկարել, ընթացքը կարող է ավելի բարդանալ, կարող են նկատվել պարբերականության խախտումներ։ Եթե վահանաձև գեղձը չափից ակտիվ է աշխատում, ցիկլն ավելի հեշտ է անցնում, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածը երկարում է։
Հ.Գ. Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը՝ առողջական վիճակը գնահատելու և անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը