Պարզեցվել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Մասնավորապես ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչն, ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում.

«Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»: Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը:

Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան մաքսատուն-վարչությունում նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. «Քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատանն արդեն անվճար է մատուցվում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վերակազմակերպված ստորաբաժանումում գործում է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ` մեկ հարկի տակ կենտրոնացնեով գանձումներին առնչվող բոլոր գործառույթները, ինչը թույլ է տալիս արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցել բարձրորակ և արագ ծառայություն: Արդյունքում ավելացել է գործարքների քանակը. «Եթե հուլիսին իրականացվել է 5239 գործարք, ապա օգոստոսին՝ 5840, ինչը պայմանավորված է ներմուծումների ավելացմամբ»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս