«Թե՛ ներգաղթը, թե՛ արտագաղթը հետևանքներ են, դրանք պատճառներ չեն». Անուշ Սեդրակյան

«Եթե լինում են ընդհանրական պետական օրակարգեր և ծրագրեր, դրանք առանց համաժողովի են լուծվում՝ մի շարք գործող անձանց և կազմակերպությունների ներքին պայմանավորվածությամբ։ Իհարկե, այս համաժողովը որոշակի աշխուժություն է Հայաստանի կյանքում, բայց ես շատ մտահոգված եմ Հայաստանի և Սփյուռքի միասնական պետական օրակարգի առկայությամբ, իսկ ավելի շուտ՝ բացակայությամբ, ես մտահոգ եմ, որ նման օրակարգ գոյություն չունի։ Նման օրակարգ եղել է ՀՀ անկախությունից հետո առաջին 2-3 տարին, հետո աստիճանաբար վերացավ, դարձավ ավանդական բուտաֆորիկ օրակարգ։ Հիմա ես դարձյալ սկեպտիկ եմ, որովհետև Հայաստանում կատարվող բոլոր միջոցառումներն ունեն բուտաֆորիկ, այսինքն՝ 0 նշանակություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովների արդյունավետության մասին։

Անդրադառնալով այս համաժողովում Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված ներգաղթի առաջնահերթության մասին հարցին՝ Ա. Սեդրակյանը նշեց, որ թե՛ ներգաղթը, թե՛ արտագաղթը հետևանքներ են, դրանք պատճառներ չեն։

Ըստ նրա՝ այդ խնդրի լուծումը որպես հիմնարար նպատակ դնելն իրատեսական չէ մի պարզ պատճառով՝ մինչև չլինի ներգաղթը խրախուսող միջոցառումների համակարգ, չի լինի և ներգաղթ։

Խրախուսող միջոցառումների համակարգի առաջին նախապայմանը, նրա կարծիքով, վստահության, ազատության և արդարության մթնոլորտն է պետության մեջ.

«Տեսեք՝ ես չեմ ասում ներդրումներ, չեմ ասում՝ սոցիալական իրավիճակ, որովհետև դրանք ընդամենն ածանցյալներ են այս արդարության և վստահության մթնոլորտին, որը Հայաստանում բացակայում է։ Եվ բնական է, որ այս համատեքստում Հայաստան-Սփյուռք համաժողովը կրկին կբերի ճռճռան տարբեր ֆրազների, որովհետև շատ են սիրում թե՛ Սփյուռքում, թե՛ իշխանական մակարդակներում արտաբերել ծաղկուն և բարեկարգ Հայաստանի տեսլականի մասին երազանքներ, բայց այդ երազանքները պետական անկումների ֆոնի վրա ավելի չարագուշակ են հնչում, քան, եթե մարդիկ ուղղակի արտահայտեին իրենց մտահոգությունը։

Համաժողովը պետք է սկսվեր մտահոգություններով։ Էլ չեմ ասում, որ համաժողովը կարող էր 3 առաջարկ անել՝ ապացուցելու իր իրատեսականությունը, առաջինը՝ ընդհանուր պաշտպանական գոտի ստեղծել Ղարաբաղի շուրջ Հայաստան-Սփյուռք համատեղ ջանքերով, երկրորդ՝ Հայաստանի այլընտրանքային էնրգետիկայի վրա աշխատելն է, և երրորդը՝ Հայաստանի կրթությունը միջազգային մակարդակի վրա դնելը, որպեսզի հետագայում դա դառնա զարգացման գրավական։ 3 հարց կա, որ, ըստ իս, կազմում է պետական օրակարգը, բայց դրա փոխարեն՝ միֆական ներդրումներ, միֆական համագործակցություն, պատմական առնչակցություններ, ինչ-որ թվեր, գումարներ, նախագծեր, որոնք  այդպես էլ մնում են թղթի վրա։ Իսրայելական start-up-երի տեսության ուսումնասիրությունն ինձ թույլ է տվել վստահաբար ասել, որ բիզնես պրոյեկտն աշխատոմ է 1 տարում։

Դա այն ժամկետն է, որի ընթացքում ծաղկուն և խելոք գաղափարը կարող է աշխատել։ Հիմա նայեք՝ տարիներ շարունակ փոխվում են կառավարությունները, չեն փոխվում տեքստերը, փոխվում են պաշտոնյաները, չի փոխվում ռազմավարությունը։ Սփյուռքն էլ պետք է իրատեսական լինի։

Ինձ թվում է՝ 2 կողմից էլ կա, մեղմ ասած, ինքնախաբեության միտում, փակ աչքերով ապրելու, առանց խղճի խայթի սեփական բարեկեցությունը վայելելու։ Բայց հիմա Հայաստանում որևէ մեկը, թեկուզ հարաբերական բարեկեցություն, առանց խղճի խայթի չի կարող վայելել»։

Տեսանյութեր

Լրահոս