Հարավային Կորեայի նախագահն սպառնացել է բնաջնջել ԿԺԴՀ-ն
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը անհնարին է համարել ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելը եւ սպառնացել է նրա լիակատար ոչնչացմամբ: Այդ մասին երկրի առաջնորդը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի՝ Սեուլում կայացած նիստի ընթացքում:
Նշելով, որ ԿԺԴՀ-ն վերստին բալիստիկ հրթիռ է արձակել ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, Մուն Չժե Ինն ընդգծել է, որ «նման իրավիճակում Փենյանի հետ երկխոսությունն անհնարին է»:
«Այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան սադրանքներ ձեռնարկի Հարավի կամ մեր դաշնակիցի (ԱՄՆ-ի) դեմ, մենք բավականաչափ ուժեր ունենք Հյուսիսը ոչնչացնել մինչեւ այն աստիճան, որ նա երբեք չի կարողանա ոտքի կանգնել»,- նշել է նա: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին արձակել է բալիստիկ հրթիռ, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը: Արձակումն առաջինն է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոր բանաձեւի ընդունման պահից, որը խստացնում է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ Փենյանի շրջանից արձակված հրթիռն անցել է 3,7 հազար կիլոմետր եւ հասել 770 կմ առավելագույն բարձրության: Ճապոնիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռն անցել է Հոկայդո կղզու հյուսիսային մասի վրայով եւ Խաղաղ օվկիանոսն ընկել Էրիմո հրվանդանից 2 հազար կմ հեռավորության վրա:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պահանջել են սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ կոնսուլտացիաներ ցանցկացնել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակման կապակցությամբ: Հարավային Կորեան դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից նոր բալիստիկ հրթիռի արձակումը: Ինչպես ասված է երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, «Անխոհեմ հյուսիսկորեական սադրանքը հերթական մարտահրավերն է միջազգային հանրակցությանը»: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորելէ Փենյանին հրաժարվել լարվածության բորբոքումից եւ վերադառնալ բանկցությունների սեղանի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: