Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն աճել է 1,5 անգամ
2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ: Աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ:
ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով:
«Բանկի տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների աճը մեծամասամ պայմանավորված է վարկավորման ծավալների աճով, պորտֆելի ճիշտ դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև` շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ: Մենք կշարունակենք բանկի ակտիվների որակի բարելավումը, հաճախորդների վարկունակության գնահատման և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը,- նշեց Յունիբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը: -Շահույթի աճը մեր Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակներում մինչև 2020թ.-ը նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 44% և կորպորատիվ վարկավորման մինչև 37% աճ»:
Հիշեցնենք, որ Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշը` սահմանելով B2, կանխատեսումը` կայուն: