Ազգային ժողովում Բրազիլիայի հետ համաձայնագրի վավերացման նախագծի հարակից զեկուցողը դեմ է քվեարկել օրինագծին
«Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որին մեկ դեմ արտահայտվող է եղել, ու այդ դեմը ես եմ եղել»,- այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հարակից զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս համաձայնագրին:
ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը հայտարարեց, որ ժողովրդավարության դասական օրինակ է, երբ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով ընդունել է որոշում, բայց այն անձնավորությանը, որը դեմ է եղել, տրվել է հնարավորություն՝ ներկայացնել հանձնաժողովի դրական եզրակացությունը. «Եվ մենք հնարավորություն կունենանք իմանալու դեմ լինելու պատճառը»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ժողովրդավարության գենետիկ բնորոշումն իշխանության փոփոխության հնարավորությունն է՝ առանց բռնությունների. «Հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում հաղթել են գործող իշխանությունները: Պուճուր աքսեսուարիկներ ունենք, տոնածառի պուճուր խաղալիքներ՝ կախենք ու ասենք ՝ վայ, տեսեք, բան, բայց մեծ հաշվով դրա էությունը չի փոխվում: Պարոն Զեյնալյան, ցանկացա իմանալ՝ ինչո՞ւ եք դեմ քվեարկել»:
Ի պատասխան՝ Ա. Զեյնալյանն ասաց. «Քանզի օրենքին կցված հիմնավորումը կրում է տեխնիկական բնույթ, բացատրվում է, որ ուղղակի պետք է օրենքով հաստատել, որովհետև Սահմանադրությամբ դա նախատեսված է, բացակայում էր դրա ընդունման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ՝ այն հարցը, որը բարձրացրեց պարոն Բոստանջյանը, ես բարձրացրել եմ միջազգային հարաբերությունների հանձնաժողովում, որ հարյուրավոր նման միջազգային պայմանագրեր կան ստորագրված, որոնք որևէ հետևանք չեն ունեցել: Դեմ եմ եղել նաև այն պատճառով, որ տեղեկանքները, որոնք ներկայացվում են, իբրև թե հակասություն չկա ներպետական օրենքների հետ, ես ցույց եմ տվել՝ ինչպիսի հակասություններ կան: Օրենքի որակի հետ կապված է եղել իմ դեմ լինելը»: