«Զավշետի է հասցված այս հարցի քննարկումը». Վիգեն Սարգսյանը՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու մասին

«Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մեր չմասնակցելը»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին այս հարցով դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Վ. Սարգսյանի գնահատմամբ՝ զավշետի է հասցված այս հարցի քննարկումը. «Մեր զինված ուժերը երկար տարիներ է՝ յուրաքանչյուր տարի մասնակցում են հարյուրավոր միջոցառումների՝ երկկողմ և բազմակողմ: Մենք մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների և չենք մասնակցում  տարեկան հազարավոր միջոցառումների, ինչպես անում են բոլոր երկրները:

Կոկրետ այն զորավարժությունը, որն արծարծվում էր մամուլում այս օրերին, ի սկզբանե հայկական կողմն այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել, և դեռևս մարտ ամսին օֆիցիալ պատասխանել է, որ մենք չենք մասնակցի այդ զորավարժությանը՝ ելնելով այդ զորավարժության և մեր փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով: Դուք գիտեք, որ մենք շաբաթներ առաջ եղել ենք տարածաշրջանի միակ երկիրը, որ Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որտեղ ունեցել ենք լուծելու խնդիր»:

Վ. Սարգսյանի խոսքով՝ որևէ արտառոց բան այստեղ չկա: Նա կարծում է՝ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկը եղել է նաև ՊՆ-ի արագ չարձագանքելը լուրին: Նա ասաց, որ իրենց մամուլի քարտուղարը լիարժեք չի պատասխանել հարցին, որի համար ինքը նրան արել է դիտողություն:

Տեսանյութեր

Լրահոս