«Չես կարող Ադրբեջանի իշխանությունների ձեռքերից բռնել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն». Էդվարդ Նալբանդյան
«Իմ ձեռքում է այսօր հրապարակված Ադրբեջանի լրատվամիջոցներում հայտարարությունը՝ արված բլոգեր Լապշինի կողմից, որն ավելի մեղանչական դիրքերից է իր մտքերը ձևակերպել. պարոն Նալբանդյան, ես կխնդրեի պարզաբանում մտցնել, թե ինչպե՞ս ստացվեց, որ այսպիսի հանգուցալուծում ստացվեց այս հիմնախնդրի հետ կապված»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին այս հարցով դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Թե ինչպե՞ս է հաջողվում Բաքվի, Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի վարչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն քաղբանտարկյալները Ադրբեջանում և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով՝ գտնվում են այսօր արտասահմանում: Ինչ վերաբերում է արձագանքին բուն այդ գործի վերաբերյալ, հիշում եմ, որ պարոն Լապշինի վերաբերյալ հարց էր հնչել հենց Ազգային ժողովում, որովհետև մտահոգություն կար, որ բլոգերներն այլևս չեն գնա Ղարաբաղ, թիվը զբոսաշրջիկների կնվազի, բայց մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք, և ես այն ժամանակ էլ ասացի, որ դուք կտեսնեք՝ ինչպես գնացել են բլոգերները, այնպես էլ կշարունակեն գնալ, և այդ ձերբակալությունից անմիջապես հետո 10 բլոգեր այցելեց Ղարաբաղ, զբոսաշրջիկների թիվը Ղարաբաղում զգալիորեն աճել է, ու կարող եմ տեղեկացնել, որ հենց վաղը բլոգերների 10 հոգանոց խումբ է գնալու Ղարաբաղ ու մասնակցելու գինու փառատոնին»:
Վ. Էնֆիաջյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞րն է երաշխիքը, որ այդ 10 բլոգերները նույն բախտին չեն արժանանա: Ի պատասխան՝ Է. Նալբանդյանն ասաց. «Չես կարող Ադրբեջանի իշխանությունների ձեռքերից բռնել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն և այլ քաղաքականություն վարեն: Դա նրա հետևանք է, որ նրանք այդ ջղաձգային իրավիճակում ինչ-որ կարգի փորձեր են անում, բայց լրիվ հակառակ էֆեկտ է ունենում»: