Բաժիններ՝

Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումները կվերսկսի ձմռանից ոչ շուտ

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող է թույլ տալ ձմռանից ոչ շուտ։

«Իհարկե, մենք, թուրքական լոլիկը թույլատրելով ռուսական շուկա, նախեւառաջ պետք է հոգ տանենք ռուս ապրանքարտադրողի մասին, եւ այստեղ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու շուկան: Եվ եթե թուրքական լոլիկ ենք ներկրելու, ապա միջսեզոնային շրջանում՝ ձմռանը, վաղ գարնանը, երբ մենք սեփական լոլիկ չունենք»,-ասել է Տկաչովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Սեպտեմբերի 11-ին «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների, հայտնել էր, որ Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել էր 2016 թվականից, կարող Է վերսկսվել հոկտեմբերին. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա:

«Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում են Թուրքիայից լոլիկի ներմուծումը մասնակիորեն վերսկսելու հնարավորությունը:  Մատակարարումները պետք է սկսվեն 2017 թվականի հոկտեմբերին՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից լիազորագրված թուրքական մի քանի ձեռնարկությունների կողմից, առաջին փուլում թուրքական լոլիկի ներմուծումը պլանավորվում է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլ-մայիս»,-մեջբերել է հրատարակությունն իր աղբյուրների խոսքը:

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայում պետք է տեղի ունենա գյուղատնտեսության գծով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստը, որտեղ պլանավորվում է քննարկել հարցերի ողջ սպեկտրը, այդ թվում՝ լոլիկի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս