Բաժիններ՝

Ինչով է զբաղվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ իր գոյության 8 ամիսների ընթացքում

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2017 թվականի հունվարի 12-ին:

Կենտրոնը, համաձայն իր իսկ կողմից ներկայացված հաշվետվության, այժմ ունի 22 աշխատակից, որոնցից 6-ը վարձատրվում են դոնոր կազմակերպությունների կողմից:

Այժմ իրականացվում է 26 ծրագիր, որոնք վերաբերում են պետական կառավարման համակարգին, հարկային և մաքսային վարչարարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներին, ինչպես նաև դատական համակարգին և հանրային-մասնավոր գործընկերության ոլորտին:

Կենտրոնի կողմից արդեն իսկ ավարտին են հասցվել համակարգային բարեփոխումներին ուղղված 6 ծրագիր: Դրանք են՝

Կարդացեք նաև

Հարկային և մաքսային վարչարարության ոլորտում արագ հաղթանակներ: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ մշակվել և 2017 թվականի մարտին հրապարակվել է 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագիրը (հիմնական գործընկեր՝ Պետական եկամուտների կոմիտե):

Օտարերկրյա մասնագետների ներգրավման համար խթաններ: Մի շարք ՏՏ ընկերությունների հետ համատեղ մշակվել է ծրագիր, համաձայն որի ռազմավարական ոլորտներում բարձր որակավորում ունեցող Հայաստանի ռեզիդենտ չհամարվող անձանց տրամադրվելու են ֆինանսական խթաններ (հիմնական գործընկեր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե):

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆունկցիոնալ վերլուծություն: «Արար» հիմնադրամի և Ի-Վի Քոնսալթինգ ՓԲԸ աջակցությամբ իրականացվել է 2 նախարարությունների ֆունկցիոնալ վերլուծություն  (վերլուծության արդյունքներով պիլոտային ծրագիրը կսկսվի իրականացվել սույն թվականի հոկտեմբերից) (հիմնական գործընկեր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀՀ կառավարության աշխատակազմ):

Ջերմուկի և Վանաձորի որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացում: Մշակվել են Ջերմուկի և Վանաձորի զբոսաշրջային ուղղությունների զարգացման ծրագրերը (հիմնական գործընկեր՝ Տուրիզմի պետական կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն):

Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն: ՄԱԿ-ի հետ համատեղ Կենտրոնի հովանու ներքո ստեղծվել է Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն՝ ՄԱԿ-ի ԿԶՆ իրականացման համար (ՀՀ՝ ՄԱԿ-ում ստանձնած պարտավորություն) (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ):

YES (Young Experts Scheme): Եվրամիության աջակցությամբ նախաձեռնվել է YES ծրագիրը, որի միջոցով պետական տարբեր մարմիններում 1 տարի ժամկետով ներգրավվելու են Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում ունեցող մոտ 20 երիտասարդներ՝ ռազմավարական ուղղություններով ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով:

Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն նաև հետևյալ ծրագրերը.

– Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030,

– Հայաստանի Թվային Օրակարգ 2030,

– Հանրային-մասնավոր գործընկերության իրավական և ինստիտուցիոնալ համակարգ,

– Կրթության զարգացման պետական ծրագիր 2030,

– Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) ֆունկցիոնալ վերլուծություն,

– Դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիր:

Կենտրոնը նաև ծառայում է որպես մասնագիտական քննարկումների հարթակ՝ պետական համակարգի, մասնավոր ընկերությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ:

Ֆինանսավորում

Մինչ օրս Կենտրոնն իր գործունեությունը (աշխատավարձ և պահպանման ծախսեր) իրականացնելու համար ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ (որից 100 միլիոնը ՀՀ պետական բյուջեից, իսկ 20 միլիոնը մասնավոր նվիրատվությունների միջոցով):

Կենտրոնի կողմից իր ծրագրերն իրականացնելու համար բանակցություններ են վարվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որի արդյունքում արդեն ապահովվել է շուրջ 3,100,000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն՝ նպատակային համատեղ ծրագրերի իրականացման համար և 500,000 ԱՄՆ դոլար՝ ՌՆԿ ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար:

Բանակցություններ են վարվում ևս շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարի աջակցություն ստանալու վերաբերյալ՝ փորձագետների ներգրավման և նոր ծրագրերի մշակման և իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս