![](/banners/BeFunky-design.jpg)
««Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» կարգախոսը մեր դեպքում ձևակերպվում է՝ որպես «Բոլոր ճանապարհները տանում են անհայտություն»». Սերգեյ Բագրատյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Sergey-Bagratyan.jpg)
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
«ՀՀ-ում գործող ավտոնաճապարհներն աղետալի վիճակում են, «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» կարգախոսը մեր դեպքում ձևակերպվում է՝ որպես «Բոլոր ճանապարհները տանում են անհայտություն»: «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում, արդեն 5 տարուց ավելի է, Վայոց Ձորի հատվածն այդպես էլ որոշված չէ, թե ինչպես պետք է անցնի, և տարիներ շարունակ խախտվում է մեր քաղաքացիների սեփականության իրավունքը: Մարդիկ իրենց հողատարածքները չեն կարողանում տնօրինել, որովհետև կիրառվում է 70-րդ հոդվածը, և արգելվում է այդ տարածքում օտարման գործընթաց կամ որևէ այլ գործընթաց: Գորիս գնացող ճանապարհըն առնվազն երկու հատվածում քայքայվել է, էռոզիայի է ենթարկվել, և հարիր չէ պետականություն ունեցող որևէ երկրի, որովհետև դա միջպետական ճանապարհ է»,- հայտարարեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հողօտարումների ծրագիրը սկսվում է այն ժամանակ, երբ արդեն սկսվում է ճանապարհ կառուցվել, դա պլանի մեջ է, երբ լինի նախագիծը, կսկսվի այդ հողօտարման գործընթացը: Ինչ վերաբերում է Սիսիան-Գորիս հատվածին, այս տարի բյուջեում նախատեսված գումարների սահմաններում կատարվում են աշխատանքներ, որոնք կվերջանան մինչև հոկտեմբեր, մյուս տարվա բյուջեով նախատեսվում է ավելի մեծ գումար՝ այդ ճանապարհում ավելի մեծ աշխատանքներ կատարելու համար»: