![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլում կալանավորված թուրք իրավապաշտպանին արգելել են կարդալ հայկական «Ակոս» պարբերականը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905169.jpg)
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերը բանտում այցելել են Ստամբուլում ձերբակալված, ապա կալանավորված մի խումբ իրավապաշտպանների: Նրանց շարքում են միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչն ու այլ գործիչներ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
«Հայրենակցություն» ընկերության հիմնադիր անդամ Օզլեմ Դալքըրանը, ով ևս կալանավորվածների շարքում է, պատգամավորներին հայտնել է, որ բանտում խախտում են տեղեկացված լինելու իր իրավունքը: Մասնավորապես, նրան թույլ չեն տալիս կարդալ «Ակոս»՝ պատճառաբանելով, թե դրանում հայերեն էջեր կան:
Միևնույն ընկերության մեկ այլ անդամ Նալան Էքրեմը բողոքել է, որ արդեն երկու ամիս է՝ չի կարողանում ընդունել իր դեղահաբերը:
Բացի այդ, կալանավորված իրավապաշտպանները հայտնել են, որ խախտվել են իրենց հաղորդակցման, սպորտով զբաղվելու և այլ իրավունքներ:
Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Նրանց շարքում կային Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել նրանց կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգելու որոշման մասին:
Ավելի ուշ նրանցից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: