«Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ Ամստերդամ». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Հիշում եք՝ կառավարության ծրագրի ժամանակ ես խոսեցի արևմտյան երկրներից ՀՀ ներդրումներ ներգրավելու մասին, հիմա արդեն մենք արձանագրել ենք ձեր պաշտոնավարման մեկ տարին, թե ինչ բացթողումներ կամ ձեռքբերումներ կան: Ինձ կոնկրետ մի հարց է հուզում. Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արևմտյան երկրներ չեք այցելում և ներդրումների համար ինչ-որ հանդիպումներ չեք ունենում, դա արդյոք պատճա՞ռ է նրա, որ Ձեզ չեն հրավիրում արևմտյան մայրաքաղաքներից կամ կենտրոններից, թե՞ կարող է՝ Ձեզ հրավիրում են, բայց դուք մերժում եք, չեք գնում: Իրականում, ես կարծում եմ՝ Ձեզ հրավիրում են, բայց այդ այցերը մենք չենք տեսնում, բայց երկու տարբերակն էլ մեր երկրի համար վատ է»:

Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ այցն ինքնանպատակ չէ. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և այդ երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին տարանջատելուն, ես, կանխագուշակելով հետագա հարցերը, մի քիչ լայն մասշտաբով պատասխանեմ. ԵԱՏՄ անդամ լինելով՝ մենք որևէ այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերում, և այն ինֆորմացիան, որ մենք տրամադրել են ձեզ՝ արտահանման հետ կապված, և այլն, տարին ամփոփելուց մենք պատրաստվում ենք շատ լայնամասշտաբ պատասխան տալ, որտեղ մանրամասն կգրենք նաև մեր հետազոտություններն արտահանման վերաբերյալ:

Պայմանական 26.1 տոկոս արտահանման աճ ունենալով՝ եվրոպական երկրների աճի տեմպը գերազանցում է ԵԱՏՄ երկրների աճի տեմպին: Դրա համար Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ երբ օրակարգ լինի, անպայման ունենալու ենք այդ այցը»:

Է. Մարուքյանն այսպես արձագանքեց վարչապետի դիտարկումներին. «Մենք շատ ենք քննադատում կառավարության ուռճացված ծախսերը, և, բնականաբար, կառավարության տուրիզմին դեմ ենք, բայց մյուս կողմից՝ ինձ զարմացնում է այդ օրակարգի առարկայական չլինելը: Ձեր պատասխանից ես հասկացա, որ այս պահին չկա կոնկրետ օրակարգ՝ արևմտյան երկրներից Հայաստան ներդրումներ բերելու առումով»:

«Պարոն Մարուքյան, ես այդպես չեմ պատասխանել: Ես ասել եմ՝ մենք ունենք օրակարգ մեր արևմտյան երկրների գործընկերների հետ: Օրակարգ չունենք՝ այց կատարելու: Ձեր տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում: Օրակարգ ունե՞մ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունենամ: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ Ամստերդամ»,- ի պատասխան՝ ասաց Կ. Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս