Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի և օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:
Նախատեսված է նաև հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջև:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: